Զինվորականները Բուրկինա Ֆասոյում հերթական հեղաշրջումն են կատարել

Կապիտան Իբրահիմ Տրաորեն, Ուագադուգու, Բուրկինա ֆասո, 30 սեպտեմբերի, 2022թ.

Բուրկինա Ֆասոյում բանակը պետական հեղաշրջում է կատարել: Կապիտան Իբրահիմ Տրաորեն ազգային հեռուստատեսությամբ դիմել է բնակիչներին և հայտնել, որ երկրի զինվորական ղեկավար Պոլ-Էնրի Դամիբան և նրա կառավարությունը պաշտոնանկ են արվել:

«Մեր լիդեր, փոխգնդապետ Պոլ-Էնրի Սանդաոգո Դամիբան, որի հանդեպ մենք այդքան վստահություն ու հավատ ենք ունեցել, դժբախտաբար, ուրացել է մեր ընդհանուր երազանքը: Անվտանգային վիճակը վատթարացել է, իրականացվել է արկածախնդիր քաղաքականություն, գրավյալ տարածքները չեն ազատագրվել, այնտեղ իշխում են ահաբեկիչները, մեր քաջարի ժողովուրդը շարունակում է տառապանքներ կրել»,- ասել է կապիտան Տրաորեն:

Սա Բուրկինա Ֆասոյում թվով երկրորդ հեղաշրջումն է անցած 8 ամիսների ընթացքում: Ուագադուգու անվամբ մայրաքաղաքում ցուցարարները պարզել են Բուրկինա Ֆասոյի և Ռուսաստանի դրոշները և պահանջել են Դամիբայի հրաժարականը:

Կապիտան Տրաորեն ասել է, որ զինվորականներն, ովքեր օգնել են Դամիբային գրավել իշխանությունը՝ որոշել են նրան հեռացնել, քանի որ նա չի կարողացել առաջնորդել մահմեդական ապստամբների դեմ պայքարը: Դամիբան այս տարվա հունվարին է գահընկեց արել քաղաքացիական նախագահ Ռոչ Կաբորեին:

Տրաորեն ասել է, թե սահմաններն անորոշ ժամանակով փակվում են, քաղաքական և քաղաքացիական կազմակերպությունների գործունեությունն արգելվում են: