Կապառոսն այլևս չի գլխավորի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Խոակին Կապառոս, 2021թ.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը. իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

ՀՖՖ հաղորդագրության համաձայն՝ ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը երեկ հանդիպել է Խոակին Կապառոսի հետ, քննարկել հավաքականի այս տարվա ելույթները։ Հանդիպման ընթացքում փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել չշարունակել համագործակցությունը։

Մելիքբեկյանը շնորհակալություն է հայտնել իսպանացի մասնագետին իր աշխատանքի, Հայաստանի համար դժվարին օրերին ազգային հավաքականի կողքը մնալու, աշխատանքի ընթացքում մարդկային լավագույն որակներ և բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորելու համար, նշված է հաղորդագրությունում։

«Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ իր պատմության ընթացքում հաղթեց պաշտոնական մրցաշարում՝ գրավելով առաջին տեղը Ազգերի լիգայի C դիվիզիոնի իր խմբում: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն ունեցավ իր պատմության ամենաերկար անպարտելի շարքը՝ 9 խաղ: 66-ամյա մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց մի շարք տպավորիչ հանդիպումներ Աշխարհի գավաթի որակավորման փուլում», - նշում է ֆեդերացիան։

Խոակին Կապառոսը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորում էր 2020 թվականի մարտից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Չգիտեմ ինչու են մեր հավաքականի հետ նման բաներ կատարվում, երբ խաղում ենք Իռլանդիայում». դժգոհություններ մրցավարից, կարմիր քարտեր
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա. Հայաստանը հրաժեշտ տվեց B դիվիզիոնին