Միրզոյանը Սիրիայի ԱԳ նախարարին է ներկայացրել վերջին մարտերից հետո ստեղծված իրավիճակը

Նյու Յորքում` ԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում, հանդիպել են Հայաստանի ու Սիրիայի արտգործնախարարները:

Արարատ Միրզոյանն ու Ֆեյսալ Ալ-Միկդադը անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի՝ շեշտելով խնդիրները խաղաղ բանակցությունների ու երկխոսության միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ծավալած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ կարևորելով միջազգային հանրության կողմից գործուն քայլերի և համապատասխան մեխանիզմների միջոցով ագրեսորին զսպելու, ինչպես նաև տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն հաստատելու կարևորությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: