Գերմանիայի փոխդեսպանը ցնցված է Ջերմուկում տեսածից. ԳԴՀ դեսպանություն

Օտարերկրյա դիվանագետները Ջերմուկի ճանապարհին, 16-ը սեպտեմբերի, 2022թ.

Հայաստանում Գերմանիայի նորանշանակ փոխդեսպան, ներկայում գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը «ցնցված է ավերածությունների այն պատկերներից, որ այսօր հետկեսօրին պետք է տեսներ Ջերմուկում», - ասված է ուրբաթ երեկոյան դեսպանատան հրապարակած հաղորդագրությունում:

Թինտրուպը մեկն էր այն մոտ հինգ տասնյակ դիվանագետներից, որոնք հրավիրված էին Ջերմուկում Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների կազմակերպած բրիֆինգին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի զինուժը նախկին 11-12 կմ-ի փոխարեն այժմ 4,5 կմ է հեռու Ջերմուկից, բայց շրջափակման մեջ է. ԳՇ պետ

«Ջերմուկը գեղեցիկ բնության մեջ տեղակայված գեղատեսիլ, խաղաղ հանգստավայր է։ Երեքշաբթի այստեղ գերմանացի զբոսաշրջիկներ էլ կային։ Այն, որ բնակիչներից ոչ ոք չի զոհվել, գրեթե հրաշքի է նման, քանի որ հրետանային կրակոցները խփել են այս՝ սահմանից կիլոմետրեր հեռու գտնվող ռեստորանների և ճոպանուղու ուղղությամբ, ընդամենը մի քանի հարյուր մետր բնակելի շենքերից ու զբոսաշրջիկներով լի հյուրանոցներից հեռու», - պատմել է գերմանացի դիվանագետը։ Գերմանուհի զբոսաշրջիկն իր հյուրանոցի սենյակից կարողացել է լուսանկարել պայթյունները, այնքան մոտիկ են նրանք եղել դրանց։

«Ես չափազանց մտահոգ եմ։ Մենք ապրումակցում ենք հայ ժողովրդին», - հայտարարել է Թինտրուպը։

Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր հաստատված 135, Ադրբեջանը՝ 77 զոհվածների մասին:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
ՀՀ ՊՆ խոսնակը սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտնել էր, որ ժամը 20-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Միջադեպեր չեն արձանագրվել նաև հաջորդած օրերին:
Չորեքշաբթի երեկոյան Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: