Հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի առաջարկների նկատմամբ անփոփոխ է. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ

Հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի կողմից առաջարկված հինգ կետերի վերաբերյալ անփոփոխ է և ևս մեկ անգամ վերահաստատվել է Հայաստանի վարչապետի կողմից Բրյուսելում տեղի ունեցած վերջին քննարկումների ընթացքում, այսօր հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Ինչպես ասել ենք նախկինում, 2022 թվականի մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին փոխանցած մեր պատասխանով մենք լրացրել ենք օրակարգը և հետևաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների շարունակությանը», - Արտգործնախարարության լրատվականի փոխանցմամբ՝ ընդգծել է Միրզոյանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ «այս տեսակետը չլսելը կամ չլսելու փորձերը հայկական կողմին հիմք են տալիս կասկածելու Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու մտադրության անկեղծության մեջ»։

«Ավելին` բանակցությունների շարունակական կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունները և պայմանավորվածությունների կատարումից խուսափելը թույլ են տալիս մտածելու, որ Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը և ուժի կիրառման միջոցով շարունակելու էթնիկ զտումների իր քաղաքականությունը», - ասված է նախարարի մեկնաբանության մեջ:

Նախօրեին Իտալիայի Չերնոբիո քաղաքում պատասխանելով Հայաստանին ներկայացված առաջարկների հինգ կետերի վերաբերյալ լրագրողների հարցերին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե այդ սկզբունքները Հայաստանի վարչապետն ընդունել է, և դա վերահաստատվել է օրերս Բրյուսելում կայացած հանդիպմանը:

Մանրամասները տե՛ս այստեղ