Օլեքսանդր Ուսիկ. «Ուկրաինան կհաղթի՛»

Ուկրաինացի բռնցքամարտիկ Օլեքսանդր Ուսիկի հաղթանակը, «Աբդուլահ թագավոր» մարզական համալիր, Ջիդդա, Սաուդյան Արաբիա, 20 օգոստոսի, 2022թ.

Ուկրաինացի պրոֆեսիոնալ ծանրքաշային բռնցքամարտիկ Օլեքսանդր Ուսիկը երեկ երեկոյան մրցավարների վճռով հաղթել է բրիտանացի Էնթոնի Ջոշուային և պահպանել է WBA, WBO, IBF և IBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Մարտը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայում՝ Ջիդդա ավանի «Աբդուլահ թագավոր» մարզական համալիրում:

12 ռաունդներից հետո երեք մրցավարներից երկուսը միավորներով հաղթող են ճանաչել ուկրաինացուն՝ 115-113 և 116-112, և մեկը հաղթող է ճանաչել բրիտանացոտւն՝ 115-113:

Ջիդդայում երեկ ռևանշի մենամարտ էր, քանի որ երկու կողմերի պայմանագրով անցյալ տարվա սեպտեմբերին Լոնդոնում Ուսիկ-Ջոշուա մենամարտից հետո բրիտանացու պարտության պարագայում պետք է ռևանշ անցկացվեր: Ուսիկն անցյալ տարի երեք մրցավարների վճռով է հաղթել:

«Ես բոլոր ուժերս սպառեցի մարզվելիս, եթե մի քիչ մնար՝ կհաղթեի»,- ասել է Էնթոնի Ջոշուան:

«Փա՛ռք Աստծո, հաղթանակ է, չեմպիոնի գոտին կգնա Ուկրաինա, Ուկրաինան կհաղթի՛»,- բացականչել է Ուսիկը և քաղաքական հայտարարություն ավելացրել. «Պուտինն ամեն ինչ անում է ցույց տալու, թե ինչ հզոր է, ուժեղ, գեղեցիկ: Բայց այդպես չէ, այդ ամենը խաբեություն է, նա իր հզորությունն է ցուցադրում, սակայն իրականում նա թույլ է»:

Ուսիկը 2012 թվականի Օլիմպիադայի չեմպիոն է (մինչև 91 կիլոգրամ քաշային անվանակարգում), 2011-ին՝ նուն անվանակարգում աշխարհի չեմպիոն է դարձել, իսկ 2008-ին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն է վաստակել մինչև 81 կիլոգրամ անվանակարգում: