Գուտերեշ. «Դեռ շատ անելիք կա Ուկրաինայից պարենի և Ռուսաստանից պարարտանյութի փոխադրման ծավալը մեծացնելու համար»

Ուկրաինա - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Օդեսայի նավահանգստում, 19-ը օգոստոսի, 2022թ.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այսօր Օդեսայում ասել է, թե դեռ շատ անելիք կա Ուկրաինայից պարենը և Ռուսաստանից պարարտանյութը համաշխարհային շուկաներ հասցնելու համար:

Այդ արտադրանքի փոխադրումը հնարավոր է դարձել, երբ Ռուսաստանը և Ուկրաինան՝ Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ, հուլիսի 22-ին Ստամբուլում համաձայնագիր են կնքել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստամբուլում ստորագրվել է ուկրաինական հացահատիկի դուրսբերման վերաբերյալ համաձայնագիրը

Ռուսների կողմից արգելափակված ուկրաինական սևծովյան նավահանգիստներում պահեստավորված են պարենի միլիոնավոր տոննաներ: Ռուսաստանը նույնպես այդ համաձայնագրով կարող է արտահանել պարեն և պարարտանյութեր, քանի որ դրանք ներառված չեն պատժամիջոցների ցանկում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը չի արգելի գյուղտեխնիկայի և պարարտանյութերի մատակարարումը Ռուսաստան

«Դա համաձայնություն է, որը կնքել են միմյանց դեմ դաժան հակամարտության մեջ ներքաշված կողմեր: Դա իր ծավալով ու նշանակությամբ աննախադեպ է: Բայց դեռ շատ անելիք կա: Ուկրաինայից և Ռուսաստանից պարենի և պարարտանյութի արտահանման ավելացումը կարևոր է միջազգային շուկաները կայունացնելու և գներն իջեցնելու համար» ,- ասել է Գուտերեշը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Օդեսայում էլ է խոսել Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության մասին, ասելով, թե անհրաժեշտ է ապառազմականացնել ԱԷԿ-ի շուրջ ամբողջ տարածքը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անտոնիո Գուտերեշին խիստ մտահոգում է Զապորոժիեի ատոմակայանի ճակատագիրը