ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ռուսաստանը կներկայացնի արտգործնախարար Լավրովը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ, Մոսկվա, 14 փետրվարի, 2022թ.

Աշնանը Նյու Յորքում մեկնարկող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին Ռուսաստանը կներկայացնի ոչ թե նախագահ Վլադիմիր Պուտինն, այլ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Այդ մասին Պուտինի կարգադրությունը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքէջում:

Նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Պուտինը մտադիր չէ նաև տեսակապով ուղերձ հղել Գլխավոր ասամբլեային:

Ռուսաստանի պատվիրակության կազմում նախարար Լավրովից բացի, ընդգրկված են փոխնախարար Սերգեյ Վերշինինը, Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան և Պետական դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

Պատվիրակության կազմում կլինեն նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հինգ գլխադասային վարչությունների տնօրենները: Նախարարությունը պետք է հաստատի խորհրդականների, փորձագետների և տեխնիկական աշխատակիցների կազմը:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում բարձր մակարդակով քաղաքական շաբաթը տեղի կունենա սեպտեմբերի 20-ից 26-ը: Ավանդաբար այդ փուլում ուղերձներով հանդես են գալիս պետությունների նախագահները, վարչապետերը կամ արտաքին գործերի նախարարները:

Ըստ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի նախնական ծրագրի, Ռուսաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա սեպտեմբերի 24-ին: