Ուկրաինացիները պնդում են, որ Խերսոնի շրջանում ավելի քան 100 ռուսաստանցի զինծառայող են ոչնչացրել

Պատերազմ, տանկային գրոհ, Ուկրաինա, արխիվ

Ուկրաինայի զինված ուժերի հարավային խմբավորման հրամանատարությունն այսօր հաղորդել է Խերսոնի շրջանում ավելի քան 100 ռուսաստանցի զինծառայողներ և զինամթերքի երկու պահեստներ ոչնչացնելու մասին:

Սա պատերազմի մեկնարկից ի վեր ուկրաինական բանակի նախաձեռնած ամենահզոր հակագրոհն է:

Ըստ հարավային խմբավորման հրամանատարության, Խերսոնի շրջանում Դնեպրի գետի վրայով երկաթուղային հաղորդակցությունը խափանված է, ինչն էլ ավելի է դժվարացնում ռուսական ուժերի մատակարարումը:

Ուկրաինացիներն արևմտյան զինատեսակներով են թիրախավորել Դնեպրի վրայով գցված երեք կամուրջները:

Ըստ հարավային խմբավորման հրամանատարության, հուլիսի 29-ին ոչնչացվել է մոտ 170 ռուսաստանցի զինծառայող և առնվազն 7 հրասայլ:

Անկախ աղբյուրներն այս պահի դրությամբ չեն կարող ստուգել ուկրաինական կողմի հայտնած տվյալների արժանահավատությունը:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզության այսօրվա տեղեկագրում ասվում է, թե «ռուսները երկու պոնտոնային կամուրջ և լաստավավային համակարգ են տեղադրել ուկրաինացիների հարվածներից խափանված տրանսպորտային կապը վերականգնելու համար»:

Ըստ բրիտանացիների, «ուկրաինացիները, հավանաբար, հաջողությամբ կասեցրել են Դոնբասի շրջանում ռուսների ոչ մեծածավալ հակագրոհների փորձերը»: