Համագործակցության հուշագիր՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Կոմպոզիտորների միության միջև

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, արխիվ

2010 թվականին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և նրա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ հիմնադրվեց Հայ կոմպոզիտորական արվեստի ամենամյա փառատոնը, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Եվ ահա նախարարության աջակցությամբ և հովանու ներքո վերջերս Հայաստանի պետական նվագախումբը՝ ի դեմս նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանի և Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ի դեմս միության նախագահ Արամ Սաթյանի ստորագրեցին Համագործակցության հուշագիր՝ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը համատեղ իրականացնելու համար։ Այս փառատոնը շատ կարևոր նպատակ է հետապնդում՝ հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները նախ տարածել լայն հանրության շրջանակներում և ապա, հայ կոմպոզիտորների կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունները ձայնագրել, տեսագրել, նոտաները թվայնացնել և պահպանել։

«Ես կարծում եմ, որ սա առաջընթաց է մեր քայլերի, որովհետև ամենասկզբից Կոմպոզիտորների միությունը և նվագախումբը միասին սկսեցին այս ստեղծագործական աշխատանքների ընդհանուր պրոցեսը: Ես ուրախ եմ համագործակցության համար: Կարծում եմ համագործակցության ծրագրերի մեջ մենք կկարողանանք շարունակել մեր քայլերը, պրոպագանդել հայ և՛ դասական, և՛ նոր կոմպոզիտորների ստեղծագործությունները, նոր գրված ստեղծագործությունները», - ընդգծեց Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանի խոսքով՝ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հիմնադրման օրից մինչ այսօր զգալի աշխատանք է իրականացրել՝ ավելի քան 55 համերգների ընթացքում հնչել են ավելի քան 150 հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնց թվում և 170 պրեմիերաներ, ձայնագրվել են 250-ից ավելի երաժշտական երկեր, թվայնացվել միայն 100-ից ավել մեծակտավ ստեղծագործություններ՝ դրանք հետագա սերունդների համար պահպանելու նպատակով։

«Մենք հուշագրով նախատեսում ենք նաև համերգներից ու փառատոնից հետո կատարվող համալիր աշխատանքներ, որտեղ լինելու են երաժշտագետների կողմից երաժշտավերլուծական ու քննադատական հոդվածների գրում, դրանց տարածում տարբեր հարթակներում, ինչպես նաև ամենակարևորը՝ մեր կոմպոզիտորական ժառանգության պահպանումը, նոտաների թվայնացումը, ապա դրանց աուդիո, վիդեո տեսագրումը բարձրակարգ սարքերով ու դրանց ներկայացումը նաև միջազգային երաժշտական հանրությանը՝ տեղադրելով դրանք նաև աշխարհում առաջատար հարթակներում», - ասաց Սերգեյ Սմբատյանը:

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի համոզմամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Կոմպոզիտորների միության համագործակցության շնորհիվ և նախարարության աջակցությամբ փառատոն առավել մեծ արդյունքներ կգրանցի իր այս կարևորագույն նպատակները իրագործելու համար՝ առավել մեծ հնչեղություն հաղորդելու հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին և նոտագրելու, թվայանցնելու և դրանք պահպանելու լավագույն հնարավորությամբ։

«Մենք հետևողական ենք լինելու այս հարցում և ուզում եմ կոչ անել մասնագիտական հանրությանը, ես նկատի ունեմ և՛ Կոմպոզիտորների միության անդամներին, և՛ Պետական կոնսերվատորիային: Ես ակնկալում եմ շատ ակտիվ ներգրավվածություն այս պրոցեսներին, որովհետև շատ հեշտ է անիծել խավարը և շատ դժվար է վառել մեկ մոմ: Եվ Կոնսերվատորին, այո, պետք է լինի ակտիվ մասնակիցը այս պրոցեսներին՝ իր տեսակետիվ, իր դիրքորոշմամբ, իր թելադրանքով ու իր առարկություններով հանդերձ ու վստահ եմ, որ միայն այս փուլը միասին հաղթահարելուց ու անցնելուց հետո մենք խթան կստեղծենք ժամանակակից կոմպոզիտորական արվեստի դպրոցի զարգացման ու առաջընթացի համար», - ընդգծեց Խզմալյանը: