ԱԱԾ-ն առաջարկում է խստացնել սփյուռքահայերի համար Հայաստանի քաղաքացիություն ստանալու կարգը

Նախագծով նախատեսվում է որպես պարտադիր պահանջ սահմանել վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելը: Գործող կարգով նման պահանջ չկա, և ազգությամբ հայ անձինք Հայաստանում բնակություն հաստատելու պահից քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք ունեն:

Նախագծին արդեն մեկ անգամ դեմ է արտահայտվել Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը, երբ նման քննարկում կար օրենքում վերջին՝ հունիսի 25-ի փոփոխության ժամանակ։ Դեմ են նաև հիմա, փոխանցում է Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը. - «Քաղաքացիության ձեռք բերման գործընթացի շարունակական պարզեցումը, ես կարծում եմ, որ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի, ամբողջ պետության նպատակների մեջ է մտնում։ Հայաստանի առջև կանգնած է դեմոգրաֆիական իրավիճակի շտկման առաջնահերթություն։ Դեմոգրաֆիական իրավիճակը շտկել հնարավոր է կա'մ ծնելիության խթանմամբ, կա'մ հայրենադարձության խթանմամբ։ Նման օրինագծի մեջտեղ բերելը, մենք կարծում ենք, որ կարող է խոչընդոտել այս իրավիճակի բարելավմանը և առաջադրված խնդրի լուծմանը»։

«Քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հանրային քննարկման է դրվել ի-դրաֆթ կայքում։ ԱԱԾ-ից նախագծի վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Նախագծի հիմնավորման մեջ սակայն կարդում ենք. ԱԱԾ պարզել է, որ վերջին տարիներին Հայաստանի քաղաքացիություն ստացած սփյուռքահայերը Հայաստանում գույք չեն գնել, տնտեսական գործունեություն չեն ծավալել, նույնիսկ Հայաստան չեն այցելել: Եղել են նաև դեպքեր, երբ անձնագրերը օգտագործել են միայն այլ պետություններ ճամփորդելու հնարավորություն ստանալու համար։

ԱԱԾ-ին նաև հայտնի են դարձել դեպքեր, երբ արտերկրում տրամադրվել են մկրտության և ազգությամբ հայ լինելու մասին կեղծ փաստաթղթեր:

Ալեքսանյանը, հակադարձում է՝ խնդրի լուծումը այլ տեղում է. - «Եթե Մերձավոր Արևելքի հայկական համայնքներում, հատկապես եկեղեցիներում տրված մկրտության վկայականները կասկածի տեղիք են տալիս երբեմն-երբեմն, ապա մենք նորից առաջարկում ենք գործերը քննել առանձին-առանձին, և նկատվող տենդենցի դեպքում այս կամ այն եկեղեցին ուղղակի դուրս հանել այն ցանկից, որոնցից տրվող մկրտության վկայականները կարող են ընդունվել որպես հիմք»։

Ակնկալվում է, որ նախագծի ընդունման դեպքում կնվազեցվի ազգությամբ հայ ներկայացող, սակայն իրականում հայկականության հետ որևէ առնչություն չունեցող օտարերկրացիների կողմից Հայաստանի քաղաքացիություն հայցելու դիմումների քանակը: Ազգության մասին վկայող փաստաթուղթ ներկայացնելու հարցում առավել հեշտ է հետխորհդային երկրներում բնակվող հայերին, քանի որ խորհրդային տարիներին տրված փաստաթղթերում որպես կանոն ազգությունը նշվել է։

Արևմուտքում ապրող հայերի համար նման հավաստում հիմնականում հանդիսանում են հայկական եկեղեցիներում մկրտության վկայականները, որոնց հետ կապված էլ, ըստ ԱԱԾ-ի, խնդիրներ են առաջացել։

Շուրջ հինգ տարի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը ղեկավարած Մնացական Բիչախչյանը օրենսդրական փոփոխության հետ սկզբունքային հակասություն չունի, բայց առաջարկում է որոշակի վերանայումներ կատարել և սահմանափակումը բոլորի նկատմամբ չկիրառել. - «Ես կառաջարկեի տարանջատել ազգությամբ հայերի և ծագումով հայերի դիմելու գործընթացը։ Ազգությամբ հայերինը թողնել, օրինակ, նույն կարգավորմամբ, որը հիմա է, իսկ այն անձինք, ովքեր պապը կամ տատն են հայ, նրանց դիտարկել ծագումով հայ, նրանց վրա տարածել որոշակի սահման, ենթադրենք՝ երկու տարվա մեջ վաթսուն օր գտնվի Հայաստանի Հանրապետությունում»։

Այս տարվա վեց ամիսների ընթացքում շուրջ տասը հազար մարդ է դիմել Հայաստանի քաղաքացի դառնալու համար։ Բիչախչյանը նկատում է սա նախորդ տարիների համեմատ կրկնակի ավելի ցուցանիշ է և լրացուցիչ դժվարություն։

Ըստ նախագծի հեղինակների, պատկան կառույցները ԱԱԾ–ի սահմանափակ ռեսուրսներով ու կարճ ժամկետներում հնարավորություն չեն ունենում ճշտելու ներկայացված տեղեկություններն ու փաստաթղթերում նշված հանգամանքները, հատկապես առանձին երկրներում ներքաղաքական սուր լարվածության և ռազմական գործողությունների գոտիներում։

Օրինագծի հեղինակները հայտնում են, որ օրենսդրական առաջարկը ներկայացնելու համար վերլուծել են միջազգային փորձը, մասնավորապես Իսրայելինը, որտեղ ազգության հրեաներն այդ երկրի քաղաքացիություն կարող են ձեռք բերել միայն Իսրայելում հաստատվելու դեպքում:

ԱԱԾ–ի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունն այսօրվանից մինչև հուլիսի 28-ը դրվել է հանրային քննարկման։ Դրանից հետո այն կներկայացվի կառավարություն, իսկ հաստատվելու դեպքում` խորհրդարանի ընդունմանը։ ԱԱԾ–ն առաջարկում է նախագծին իրավական ուժ տալ դրա ընդունումից հետո` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։