Եվրահանձնաժողովը ռուսական գազից կախվածությունը հաղթահարելուն ուղղված պլան կներկայացնի

Եվրամիության գործադիր մարմնի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, արխիվ

Եվրահանձնաժողովը ռուսական գազից կախվածությունը հաղթահարելուն ուղղված պլան կներկայացնի, այս մասին հայտարարել է Եվրամիության գործադիր մարմնի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նրա խոսքերով՝ Եվրամիության անդամ 12 երկրներ արդեն տուժել են ռուսական գազի մատակարարման կրճատումներից։ Ռուսաստանյան կապույտ վառելիքի կախվածությունից ամբողջովին հրաժարվելու համար, ինչպես հայտարարել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան, առաջիկա շաբաթներին Եվրահանձնաժողովը արտակարգ իրավիճակների ծրագիր կներկայացնի։

«Մենք աշխատելու ենք մեր միասնական շուկան և մեր արդյունաբերական մատակարարման շղթաները վնասից պաշտպանելու համար», - ընդգծել է Ֆոն դեր Լայենը։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Եվրամիությունը վերանայել է իր էներգետիկ քաղաքականությունը՝ փորձելով կրճատել ռուսական էներգակիրների մատակարարումները։

ԵՄ գործադիր իշխանության ղեկավարը շեշտել է, որ դաշինքը պետք է պատրաստ լինի Մոսկվայից եկող ցնցումային խափանումներին: «Ակնհայտ է, որ Պուտինը շարունակում է էներգիան որպես զենք օգտագործել», - հայտարարել է Ֆոն դեր Լայենը։