Կրեմլը օրինական է համարում հոկեյիստ Իվան Ֆեդոտովին բերման ենթարկելն ու զինծառայության ուղարկելը

Ռուսաստանի հոկեյի ԲԿՄԱ ակումբի դարպասապահ 25-ամյա Իվան Ֆեդոտովը գարնանը ասել էր, որ մտադիր է դուրս գալ թիմից և խաղալ ԱՄՆ-ում։ Նա պայմանգիր է կնքել The Philadelphia Flyers ակումբի հետ։

Հուլիսի 1-ին Սանկտ Պետերբուրգում իրավապահները նրան բերման են ենթարկում և տանում զինկոմիսարիատ։ Նրան մեղադրում են զինվորական ժամկետային ծառայությունից խուսափելու մեջ։ Զինկոմիսարիատում հոկեյիստն իրեն վատ է զգում, առողջական վիճակը ստուգելու համար նրան տանում են ռազմա-ծովային հոսպիտալ, իսկ այնտեղից շաբաթ ուշ գիշերը տանում են անհայտ ուղղությամբ։

Հոկեյիստի հետ կապն ընդհատված է, բայց տարբեր աղբյուրներ հաղորդում են, որ նա գտնվում է Արխանգելսկի մարզի Սևերոդվինսկում, իսկ զինվորական ծառայությունն անցկացնելու է բևեռային Նովայա Զեմլյա արշիպելագում։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հուլիսի 4-ին մեկնաբանելով հոկեյիստի հետ տեղի ունեցածը, լրագրողներին ասել է, որ նա բերման է ենթարկվել ու զինծառայության ուղարկվել օրինական կարգով։

«Այստեղ չեն կարող մարդկային մեկնաբանություններ լինել։ Կա օրենք։ Ըստ օրենքի մենք զինծառայության պարտավորություններ ունենք, ուստի այստեղ էմոցիոնալ մեկնաբանությունները բացարձակապես անտեղի են», - ասել է Պեսկովը, լրագրողներին խորհուրդ տալով իրենց հարցերն ուղղել Պաշտպանության նախարարությանը, քանի որ նախագահի աշխատակազմը զորակոչի կազմակերպման ու անցկացման հարցերով չի զբաղվում։

Ռուսաստանի հոկեյի անցած տարվա առաջնությունում Իվան Ֆեդոտովը ճանաչվել էր լավագույն դարպասապահը։