Եվրահանձնաժողովն այսօր կհրապարակի Ուկրաինայի հայտի վերաբերյալ իր որոշումը

Եվրամիության և Ուկրաինայի դրոշները Բրյուսելում Եվրախորհրդարանի շենքի առջև, արխիվ

Եվրահանձնաժողովն այսօր վերջնական քննարկում կանցկացնի Եվրամիության անդամի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու Ուկրաինայի դիմումի վերաբերյալ և կհայտարարի իր դիրքորոշման մասին, որն այնուհետև կներկայացվի ԵՄ առաջնորդներին՝ քաղաքական որոշում ընդունելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրահանձնաժողովը կողմ է Ուկրաինային Եվրամիության թեկնածու անդամի կարգավիճակ տրամադրելուն. Politico

Նախօրեին Կիև էին այցելել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը։ Նրանք բոլորն էլ կողմ արտահայտվեցին Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկի. «Ես ամեն օր կռիվ եմ տալիս, որ մեզ զենք տրամադրեն»

Հարցը կքննարկվի հունիսի 23-24-ը կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Կիևից ստացվող հաղորդումները, НТВ հեռուստաալիքին ասել է, որ եթե ԵՄ-ն Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տա, ապա կանտեսի նման կարգավիճակ տրամադրելու իր իսկ չափանիշները։

«Եթե Ուկրաինային տրվի անդամակցության նախապատրաստման ճանապարհային քարտեզ, դա միայն կնշանակի, որ ԵՄ-ը կրկին պատրաստ է աչք փակել իր բոլոր չափանիշների վրա, որոնք միշտ եղել են թեկնածուների համար, և առաջնորդվել բացառապես աշխարհքաղաքական նկատառումներով», - պնդել է Լավրովը: