Ալիևի խորհրդականը Վաշինգտոնում քննարկել է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիև, արխիվ

Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկել է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Հաջիևը երկուշաբթի օրը Վաշինգտոնում հանդիպել է պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդի և նախագահ Ջոզեֆ Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

Ադրբեջանա-ամերիկյան բանակցությունների մեկնարկից ժամեր առաջ դրանց կազմակերպման փաստը հաստատել է նաև Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը պարոն Հաջիևին կփոխանցի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղղակի շփումներին ցուցաբերվող աջակցությունը բխում է Միացյալ Նահանգների շահերից։ Դա ներառում է թե՛ մեր դերակատարությունը որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր և թե՛ աջակցությունը Եվրամիության կողմից վերջին շրջանում գործադրվող ջանքերին, որոնց նպատակն է մերձեցնել կողմերի մոտեցումները։ Սա այն տեսակետն է, որով վերջին օրերին և շաբաթներին պետքարտուղար Բլինքենը հնարավորություն է ունեցել կիսվել նաև երկու երկրների առաջնորդների հետ։ Սա այն գործընթացն է,որը մենք ցանկանում ենք խթանել», - հայտարարում էր Պետդեպարտամենտի խոսնակը։

«Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը բարձր է գնահատում այն նշանակալի պատմական և դիվանագիտական ջանքերը,ո րոնք գործադրում են Ադրբեջանն ու Հայաստանը՝ կայուն խաղաղության հասնելու նպատակով», - «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակցի փոխանցմամբ՝ Սալիվան-Հաջիև բանակցությունների ավարտին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Էդրիեն Ուոթսոնը։ Նրա խոսքով՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում Սալիվանը նշել է, որ «Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել և աջակցել [հարաբերությունների կարգավորման] գործընթացը տարբեր ձևաչափերով՝ այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն»։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Սալիվանը նաև իր աջակցությունն է հայտնել Եվրամիության խորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ անցկացվող հայ-ադրբեջանական բանակցություններին։