Զելենսկի. «Երկրի ժամանակավոր զավթված տարածքը դարձել է աղետի գոտի»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Կիև, արխիվ, 30 մայիսի, 2022թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի ընթացքում արդեն ավանդական դարձած իր գիշերային տեսաուղերձում ասել է, որ իրավիճակը Դոնբասի շրջանում մնում է ծայրաստիճան լարված, բայց ուկրաինական ուժերը Սևերոդոնեցկի մոտ որոշակի հաջողություններ են գրանցել:

Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին նոր զինատեսակներ, այդ թվում՝ հրթիռներ ուղարկելու մտադրության համար և ասել է, թե նույնն ակնկալում է Ուկրաինային սատարող մյուս պետություններից:

«Իրավիճակն անցած 24 ժամում առանձնապես չի փոխվել, Սևերոդոնեցկի ճակատամարտում մենք որոշակի հաջողություն ունենք»,- ասել է Զելենսկին, ավելացնելով, որ դեռ վաղը մանրամասներ կներկայացնի:

Նա բացարձակ անիմաստ է անվանել Ռուսաստանի տարածքից Ուկրաինայի հյուսիսային շրջանների հրետակոծումը:

«Մեր պետության ժամանակավոր զավթված տարածքն այսօր դարձել է աղետի գոտի, և դրա համար Ռուսաստանն է ամբողջական պատասխանատվություն կրում»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը: