Վլադիմիր Պուտինն ու Միխայիլ Միշուստինը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը:

«Մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությանը համահունչ մենք կշարունակենք համատեղ սերտ աշխատանքը ռուս-հայաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների», - ասված է Ռուսաստանի նախագահի շնորհավորական ուղերձում։

Ընդգծելով Հայաստանի վարչապետի նշանակալի ավանդը ռուս-հայաստանյան արդյունավետ համագործակցության զարգացման գործում՝ հիմնված բարեկամության, գործընկերության և դաշնակցության վրա՝ Միխայիլ Միշուստինն իր հերթին նշել է․ - «Կառավարությունների միջև տարվում է ակտիվ աշխատանք առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման, էներգետիկ, արդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի առաջմղման նպատակով»:

Միշուստինը համոզմունք է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ինտեգրացիայի խորացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության հետաքրքրություններին։

Հայաստանի վարչապետն այսօր դարձավ 47 տարեկան։