Գուտերեշը մինչ Մոսկվա և Կիև այցելելը կմեկնի Անկարա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշ և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վաղը կժամանի Անկարա, որտեղ նրան կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ ՄԱԿ-ի հաղորդագրությունում մանրամասներ նշված չեն։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ապրիլի 26-ին այցելելու է Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ապրիլի 28-ին էլ այցելելու է Կիև, որտեղ նախատեսված են հանդիպումներ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Մոսկվա և Կիև

Թուրքիան միջնորդական ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու համար, մասնավորապես՝ մարտի 10-ին Անթալիայում դիվանագիտական համաժողովի շրջանակում կազմակերպել էր երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը։

Նախօրեին էլ, ինչպես փոխանցում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով թուրքական TRT հեռուստաընկերության հաղորդումը, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Ռուսաստանը և Ուկրաինան համատեղ հռչակագրի նախագիծ են մշակել, որը քննարկում են բանակցողները, և երկու պետությունների միջև «կուլիսներից դուրս կապեր են աշխատում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նամակներ է հղել Պուտինին և Զելենսկուն՝ խնդրելով ընդունել իրեն