Ժամանակն է, որ երկու կողմերը ապացուցեն մտադրությունների լրջությունը բանակցային սեղանի շուրջ․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Բաքվում ընդունելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին ասել է, որ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպումը «ելակետային» էր Բաքվի և Երևանի միջև բանակցությունների մեկնարկի համար։ Նա մասնավորապես նշել է սահմանների դելիմիտացիայի հանձնաժողով և խաղաղության համաձայնագրի մշակման աշխատանքային խումբ ստեղծելու շուրջ ձեռք բերված համաձայնությունը։

Միաժամանակ Ալիևն ասել է, որ հայկական կողմի պարզաբանման կարիք կա Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության ուղի ստեղծելու հարցում։

«Ադրբեջանական կողմը իր տարածքում արդեն կառուցել է անհրաժեշտ 100 կիլոմետր երկաթգծի 60 կիլիոմետրը, ակնկալում ենք կառուցումն ավարտել 2023 թվականին։ Ադրբեջանը նաև ակտիվորեն կառուցում է ավտոմոբիլային ճանապարհը մինչև Հայաստանի հետ սահմանը, բայց Հայաստանը նույնիսկ չի պատրաստել ծրագրի տեխնիկական-տնտեսական հիմնավորումները», - ասել է Ալիևը՝ նշելով, որ դա վկայում է գործընթացը ձգձգելու մասին։

Ավտոճանապարհի հետ կապված Ալիևը դժգոհել է, որ մինչև հիմա հայկական կողմը չի ներկայացրել աշխարհագրական կոորդինատները։ «Ես այդ հարցը բարձրացրել եմ ապրիլի 4-ի տեսակոնֆերանսի ժամանակ, ապրիլի 6-ին Բրյուսելում կրկին հարցրել եմ ճանապարհի աշխարհագրական կոորդինատների մասին, բայց պատասխան չեմ ստացել։ Հուսով եմ մենք այն կստանանք մոտակա ժամանակում»,- ասել է Ալիևը Տոյվո Կլաարին։

Մեծ հաշվով Ալիևը շրջադարձային է համարել Ադրբեջանի 5 առաջարկները Հայաստանի կողմից ընդունելու փաստը։ «Մենք դրական ենք գնահատում հայկական կողմի այդ հայտարարությունը։ Ժամանակն է, որ երկու կողմերը ապացուցեն մտադրությունների լրջությունը բանակցային սեղանի շուրջ»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ Տոյվո Կլաարն իր հերթին ասել է, որ Ադրբեջան կատարած իր այցի նպատակն է ապահովել համաձայնեցված հարցերի իրականացումը։

Նա ասել է, որ այս շաբաթվա երկրորդ կեսին մեկնելու է Երևան։