Փաշինյանն ու Շառլ Միշելը քննարկել են բրյուսելյան պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Նրանք անդրադարձել են ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգին, հաղորդում է կառավարության լրատվականը:

Փաշինյանը և Միշելը քննարկել են նաև Եվրամիության Արևելյան գործընկերության տնտեսական ու ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանին 2.6 միլիարդ դոլար հատկացնելու պայմանավորվածության կատարման ընթացքը, ընդգծել ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի արդյունավետ իրագործման կարեւորությունը: Շառլ Միշելը վերահաստատել է Հայաստանի համար նախատեսված ներդրումային ծրագիրը լիարժեք կերպով իրականացնելու ԵՄ հանձնառությունը` ընդգծելով ծրագրերի գործնական իրագործման փուլը հնարավորինս արագ սկսելու կարևորությունը:

Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի միջնորդությամբ բանակցությունների արդյունքում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին մինչև ամսվա վերջ համատեղ հանձնաժողով ստեղծել, որը պետք է զբաղվի երկու երկրների սահմանազատմամբ՝ դելիմիտացիայով, ինչպես նաև ապահովի սահմանի երկայնքով ու հարակից տարածքներում «կայուն անվտանգային իրավիճակը»։

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նաև ցանկություն էին հայտնել արագորեն առաջ շարժվել խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ և հանձնարարել էին իրենց արտգործնախարարներին նախապատրաստել խաղաղության ապագա պայմանագիրը, որը «անդրադառնալու է բոլոր անհրաժեշտ հարցերին»։ Սրան հետևեց Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույցը:

Վարչապետ Փաշինյանը վաղը պաշտոնական երկօրյա այցով մեկնում է Մոսկվա: Ըստ պաշտոնական հաղորդագրության` նախագահ Պուտինի հետ հանդիպմանը քննարկվելու է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ (Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան) հայտարարությունների կատարման ընթացքը: