Ջո Բայդենը ստորագրեց ռուսական նավթի ներկրումն արգելող օրենքը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Ուկրաինայի վրա հարձակման կապակցությամբ Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների երկու օրինագիծ:

Առաջին օրենքով արգելք է դրվում Ռուսաստանի Դաշնությունից նավթ և այլ էներգակիրներ ներկրելու վրա: Մյուս օրենքով դադարեցվում է Ռուսաստանի և Բելառուսի հետ բնականոն առևտրային հարաբերությունների ռեժիմը:

Որպես կանոն, Միացյալ Նահանգների ղեկավարը կարող է սանկցիաներ ընդունել իր հայեցողությամբ, սակայն որոշ դեպքերում դրա համար անհրաժեշտ է օրենսդիրների համաձայնությունը:

Այդպիսին էր Ռուսաստանին առևտրի բարենպաստ պայմաններից զրկելու որոշումը, որին նախ հավանություն են տվել Կոնգրեսում: