Լավրով. Ռուսաստանը կշարունակի Հայաստանին օգնել սահմանը պաշտպանելու և բանակը հզորացնելու գործում

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը, արխիվ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, բացելով Մոսկվայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի Հայաստանին օգնել սահմանը պաշտպանելու և բանակը հզորացնելու գործում:

«Մենք որպես Հայաստանի առանցքային դաշնակից կշարունակենք ձեզ օգնել պաշտպանունակությունը հզորացնելու և սահմանների պաշտպանությունը երաշխավորելու հարցում», - ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ այսօրվա հանդիպման ընթացքում անդրադարձ կլինի երկու երկրների համագործակցությանը ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում:

«Հայաստանը հիմա նախագահում է ՀԱՊԿ-ում, ուստի է՛լ ավելի կարևոր է համադրել մեր գործողություններն այն ծրագրերի հետ, որոնք Հայաստանը ներկայացրել է կազմակերպության անդամներին», - ասել է Լավրովը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը