Հայկական ԶՈւ-երը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ

Հայկական զինված ուժերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից, հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Այսօր Ուզբեկստան կատարած այցից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով օրակարգային հարցերի շուրջ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է նաև կովկասյան տարածաշրջանին:

Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կգնահատի վերջին շրջանում հայ-ադրբեջանական լարվածությունը, Թուրքիայի նախագահը պատասխանել է. «Ադրբեջանը ամբողջությամբ պահպանում է եռակողմ հայտարարության դրույթները: Այդ պատճառով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին խոսք չի կարող լինել: Քանի որ հարձակում է եղել Ադրբեջանի նկատմամբ, պաշտպանական բնույթի հակահարված է տրվել: Կարևորը ապահովել Հայաստանի զինված տարրերի դուրսբերումը Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից, համաձայն եռակողմ հայտարարության կետերի»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը նպատակ ունի նոր սադրանքների գնալ Ղարաբաղում և Հայաստանի սահմաններին. Փաշինյան