Բրյուսելում հանդիպել են Հայաստանի ԱԽ քարտուղարը և Ադրբեջանի նախագահի օգնականը

Հայաստանի Անվտանգության խոորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ

Երեկ Բրյուսելում՝ Եվրամիության հարկի տակ, կայացել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, ինչպես ԵՄ դիվանագիտական ծառայության հաղորդագրությունում է նշվում՝ «առաջ մղելու երկու երկրների միջև մի շարք խնդիրների լուծում գտնելու ջանքերը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արմեն Գրիգորյանը կմեկնի Բրյուսել, ապա Վիլնյուս

Մասնավորապես, ըստ հաղորդագրության, քննարկումները կենտրոնացել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում ծրագրվող հանդիպման նախապատրաստման վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևն ու Փաշինյանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Բրյուսելում

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջնորդությամբ կայացած «սուբստանտիվ բանակցությունների ընթացքում, որոնք ներառում էին նաև պարոնայք Հաջիևի և Գրիգորյանի առանձնազրույցը, մասնակիցներն անդրադարձել են քաղաքական և անվտանգային իրավիճակին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրների ամբողջ սպեկտրին»՝ Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին կայացած Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքում «ձեռք բերված ըմբռնումների համատեքստում»։

Գրիգորյանը և Հաջիևը պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթներին՝ շարունակելու քննարկումները մասնավորապես դեկտեմբերի 14-ի եռակողմ հանդիպման ժամանակ բարձրացված խնդիրների շուրջ։ Հայաստանը և Ադրբեջանը կանդրադառնան նաև երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին առնչվող հարցերին, նշված է հաղորդագրությունում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է անհապաղ սկսել խաղաղության բանակցությունները

Եվրամիությունը հանձնառու է մնում՝ շարունակելու իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հաստատման գործում, ասված է հաղորդագրությունում։