Խորվաթիայի զբոսայգիներից մեկում հետախուզական ԱԹՍ է ընկել` արտադրված ԽՍՀՄ-ում. Միլանովիչ

Խորվաթիայի Զագրեբ քաղաքի կենտրոնում՝ Յարուն զբոսայգում, վեց տոննա կշռող հետախուզական անօդաչու թռչող սարք է ընկել։ Տուժածներ չկան։

Երկրի նախագահ Զորան Միլանովիչը հայտարարել է, որ սարքը արտադրված է ԽՍՀՄ-ում, բայց թե որ երկրի զինված ուժերին է այն պատկանում, խորվաթական իշխանություններին պարզել չի հաջողվել:

Անօդաչուն Խորվաթիայի օդային տարածք է մտել Հունգարիայից, սահմանը հատելուց յոթ րոպե անց ընկել է՝ ենթադրաբար վառելանյութի սպառման պատճառով։ Ե՛վ Հունգարիան, և՛ Խորվաթիան ՆԱՏՕ-ի անդամ են։

«Ինչպե՞ս է հնարավոր, որ սարքը ավելի քան մեկ ժամ անցկացնի ՆԱՏՕ-ի անդամ երկրի տարածքում, և ոչ ոք չնկատի այն», - տարակուսել է Խորվաթիայի նախագահը: