Ռուսաստանն այլևս չի մասնակցի Եվրոպայի խորհրդի աշխատանքներին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում, արխիվ

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը երեկ հայտնել է, որ Ռուսաստանը չի մասնակցի Եվրոպայի խորհրդի հետագա գործունեությանը: Մոսկվան այդ քայլը բացատրում է Արևմուտքի գործողություններով:

«Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական տրամադրված Եվրամիության և ՆԱՏՕ-ի պետությունները, չարաշահելով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում իրենց բացարձակ մեծամասնությունը, շարունակում են Եվրոպայի խորհրդի և Եվրոպայի մարդասիրական-իրավական ընդհանուր տարածքը քայքայելու քաղաքական կուրսը: Ռուսաստանը չի ցանկանում մասնակցել ՆԱՏՕ-ականների ջանքերով եվրոպական այդ հնագույն կազմակերպությունն արևմտյան գերակայության մասին հմայական խոսքեր արտասանելու և ինքնազմայլումի հարթակ դարձնելուն», - ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Ավելի ուշ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ Եվրոպայի խորհրդից դուրս գալը նշանակում է դուրս գալ նաև դրա բոլոր գործող մեխանիզմներից:

Ռուսաստանը մինչև 2022 թվականի ավարտը տեխնիկապես հանդիսանալու է Եվրոպայի խորհրդի անդամ: Երբ ուժի մեջ մտնի կառույցից դուրս գալու որոշումը, Ռուսաստանի քաղաքացիներն այլևս չեն ունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորություն:

Ռուսաստանը Եվրոպայի խորհրդից դորս է գալիս Ուկրաինայի վրա հարձակվելուց հետո աննախադեպ քննադատության և սանկցիաների ենթարկվելու հետևանքով:

Եվրոպայի խորհուրդը Հին մայրցամաքի միջպետական հնագույն կազմակերպությունն է, այն ստեղծվել է 1949 թվականին:

Կառույցի հիմնական նպատակը եվրոպական երկրների համագործակցությունն է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Ռուսաստանը Եվրոպայի խորհրդին անդամակցել է 1996 թվականին:

Տե՛ս նաև այստեղ