Ուկրաինայի նախագահը պահեստազորայինների հավաք է հայտարարել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հետևում է զինված ուժերի զորավարժություններին, 16-ը փետրվարի, 2022թ․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դոնբասի անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքներ զորքեր մտցնելու Ռուսաստանի որոշման ֆոնին հայտարարել է զինված ուժերի պահեստազորայինների հավաք։

«Մեզ պետք է արագ համալրել ուկրաինական բանակը և այլ ռազմական կազմավորումները։ Ես՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, հրաման եմ տվել հատուկ ժամկետում պահեստազորայինների զորակոչման մասին։ Ընդգծում եմ, որ խոսքը բացառապես օպերատիվ պահեստազորում նշանակված քաղաքացիների մասին է», - ասել է Զելենսկին՝ հավելելով, որ ընդհանուր մոբիլիզացիայի կարիք դեռ չկա։

Նրա խոսքով՝ պահեստազորայինները պետք է բարձրացնեն ուկրաինական բանակի պատրաստվածությունը բոլոր հնարավոր փոփոխությունների համար։

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան հանդես է գալիս խաղաղության և հարցերը միայն խաղաղ ճանապարհով կարգավորելու օգտին, սակայն պետք է պատրաստ լինի ագրեսիայի։

Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ իր երկիրը ռազմական դրության կանցնի միայն Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի դեպքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ Դաշնության խորհուրդը Պուտինին թույլատրեց զորքեր ուղարկել երկրի սահմաններից դուրս
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական բանակը մտնում է Ուկրաինա