Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը միանալու հարց Հայաստանի օրակարգում չկա. Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան

«Իմ դիրքորոշումը այն է, որ Հայաստանը սուվերեն պետություն է, ժողովրդավար պետություն է և պետք է շարունակի մնալ էդպիսին», - հայտարարեց Գրիգորյանը։

Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը միանալու հարց Հայաստանի օրակարգում չկա, Հայաստանն ինքնիշխան պետություն է և պետք է շարունակի մնալ այդպիսին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղաղար Արմեն Գրիգորյանը։

Պաշտոնական Երևանը, փաստորեն, հստակեցրեց իր դիրքորոշումը Բելառուսը գրեթե երեսուն տարի անփոփոխ ղեկավարող ու Եվրոպայում բռնապետ համարվող Ալեքսանդր Լուկաշենկոյի օրերս հնչեցրած աղմկահարույց հայտարարության կապակցությամբ, թե ռուս-բելառուսական միութենական պետությանը միանալու առումով Հայաստանը փախչելու տեղ չունի, և Նիկոլ Վովաևիչը դա տեսել է։

«Հայաստանի օրակարգում նման հարց չկա։ Եվ եթե նման հարց չկա, իմ դիրքորոշումը այն է, որ Հայաստանը սուվերեն պետություն է, ժողովրդավար պետություն է և պետք է շարունակի մնալ էդպիսին», - ասաց Գրիգորյանը։

2020 թվականի արյունալի նախագահական ընտրությունների միջոցով իշխանությունը պահած Լուկաշենկոն Կրեմլի խոսնակը համարվող հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում խոսել էր նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասի վերաբերյալ, թե առաջիկա 15 տարիներին Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը, կենտրոնասիական այլ պետությունները կըդգրկվեն Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում, սակայն առավել կոշտ արտահայտվել էր Երևանի հասցեին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուկաշենկոյի վերլուծությունները առնչություն չունեն ՀՀ-ի և նրա արտաքին քաղաքականության հետ․ ԱԳՆ խոսնակ

Լուկաշենկոյի խոսքերին առաջինը արձագանքեց Հայաստանի արտգործնախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, ով, սակայն, անուղղակի էր նշել, թե Երևանը չի գնում դեպի Ռուսաստան-Բելառուս միութենական պետություն՝ ֆեյսբուքում գրելով. - «Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»։

Հայաստանում Բելառուսի դեսպանը կանչվեց արտգործնախարարություն, իսկ նախորդ երկու օրերին Լուկաշենկոյին պատասխանում էին Ազգային ժողովում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում Բելառուսի դեսպանն այսօր եղել է Արտգործնախարարությունում

«Հայաստանում իրադարձություններ են տեղի ունեցել... դուք ինձ ավտոմատով տեսե՞լ եք փողոցներում քայլելիս։ Կամ որ ասում են՝ ա՜յ, բա՜ն, Հայաստանի հետ էսպես են վարվում... Բա որ Ղարաբաղում այցելության համար միջազգային հայտնի լրագրողի ձերբակալում արտահանձնում էին Ադրբեջանին, բա դա Հայաստանի նկատմամբ ապտա՞կ էր, թե՞ ապտակ չէր։ Բա էդ ե՞րբ սկսեց միլիարդների վաճառքը զենքի Ադրբեջանին, բա ո՞ւր էիք, բա ինչի՞ ձեն չէիք հանում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խորհրդարանականները նույնքան կոշտ են արձագանքում Լուկաշենկոյի կոշտ հայտարարություններին

Թե երեկ խորհրդարանում ում նկատի ուներ վարչապետ Փաշինյանը, թերևս ոչ մեկի մոտ հարց չի առաջացնում։ 2020-ի օգոստոսին, երբ մայրաքաղաք Մինսկում բողոքի զանգվածային ակցիաներ էին Բելառուսի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ, հենց Լուկաշենկոն էր, որ թիկնազորի և առանց պահեստատուփի «Կալաշնիկով»-ը ձեռքին ուղղաթիռով վայրէջք կատարեց նախագահական նստավայրի տարածքում՝ տեսախցիկի առջև դիմելով իրեն ծափահարող հատուկ ջոկատայիններին՝ սպառնաց ցուցարարների «հարցերը լուծել»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուկաշենկոյի վարչակազմը խստացնում է բռնաճնշումները

Հենց Լուկաշենկոյի վարչակազմն էր, որ 2017-ի փետրվարին Բաքվին հանձնեց բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ում Ադրբեջանի իշխանությունները մեղադրում էին ապօրինի Լեռնային Ղարաբաղ այցելելու մեջ։

Եվ վերջապես, ՀԱՊԿ գծով Հայաստանի դաշնակից համարվող Բելառուսն է Ադրբեջանին մատակարարել հարձակողական մեծաքանակ սպառազինություն, ներառյալ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնք լայնորեն կիրառվեցին հայկական ուժերի և խաղաղ բնակավայրերի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում։

Ադրբեջանի հետ սերտ հարաբերությունների արդյունքում Ալեքսանդր Լուկաշենկոն երկու անգամ նախագահ Իլհամ Ալիևի կողմից պարգևատրվել է շքանշաններով։ Առաջին անգամ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ 2016 թվականի նոյեմբերին Ադրբեջանի բարձրագույն՝ Հեյդար Ալիևի անվան շքանշանով։ Երկրորդ անգամ՝ 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թվականի օգոստոսին՝ «Ադրբեջանի ընկեր» ոսկյա շքանշանով։

«Մենք շարունակում ենք դիվանագիտորեն պատասխանել և հուսալ, որ այլևս նման միջադեպեր չեն լինի, և եթե հավելյալ միջադեպեր լինեն, մենք կմտածենք, թե ինչպես պատասխանենք»,- այսօր ընդգծեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղաղարը. - «Կարծում եմ, համապարփակ պատասխան եղել է, և հույս ունեմ, որ նման միջադեպերից բելառուսական կողմը համենայն դեպս այլևս կխուսափի որևիցե գնահատական տալու Հայաստանի վերաբերյալ»։

Ռուսաստանն ու Բելառուսը միութենական պետություն ստեղծելու պայմանագիրը և այդ պետության կանոնադրությունը ստորագրել են 1997-ին։ Անցած տարի երկու երկրները ստորագրեցին միութենական պետության պայմանագրի դրույթները կյանքի կոչելու 28 կետից բաղկացած փաստաթուղթ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելառուսական ընդդիմությունը լեգիտիմ չի համարում Միութենական պետության մասին դեկրետը