Լուկաշենկո. Հայաստանը փախչելու տեղ չունի, և Նիկոլ Վովաևիչը դա տեսել է

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կարծիքով, առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը և կենտրոնասիական այլ պետություններ։

Կրեմլի խոսնակը համարվող հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Լուկաշենկոն, ով Ուկրաինայի շուրջ խորացող ճգնաժամի ֆոնին շարունականաբար սպառնալից հայտարարություններ է անում Կիևի հասցեին, անդրադարձել է հարցին, թե որ երկրները կարող են մաս կազմել Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը. - «Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմ, Ղազախստանի համար լավ դաս էր։ Եթե ասում եք ժամկետը 15 տարի է, վստահ եմ, որ Ուկրաինան այնտեղ կլինի, եթե սխալներ թույլ չտանք։ Դե, իսկ մնացածը՝ ըստ պարագծի... այդ հզորության միավորման ավարտից հետո, կամ միավորման ընթացքում... իրենք որտե՞ղ են հայտնվելու։ Հայաստանը փախչելու տեղ չունի... ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են... իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է։ Ադրբեջանը դուրս է մնում այդ կոհորտայից, որովհետև մենք նույնպես շատ սխալներ ենք թույլ տվել։ Առանձին խոսակցություն է, և այնտեղ, իհարկե, Թուրքիան շատ լուրջ կերպով սատարում է Ադրբեջանին. Թուրքիայի միջոցով են հոսում [ադրբեջանական] գազը, նավթը... Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, տնտեսական նպատակահարմարությունից ելնելով, նույնպես կմիանան»։

«Ազատությունը» հարցումներ է ուղարկել Հայաստանի վարչապետի աշխատակազմ և Արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով արձագանքել։ Դեռ չեն պատասխանել։

Օրվա ընթացքում չհաջողվեց մեկնաբանություն ստանալ նաև իշխանության այլ ներկայացուցիչներից։

Տարին դեռ նոր է սկսվել, սակայն վերոհիշյալը Կրեմլի հետ դեռ 25 տարի առաջ նախաձեռնած միութենական պետության մասին Լուկաշենկոյի առաջին աղմկահարույց հայտարարությունը չէ։

Այս հունվարի 7-ին՝ ուղղափառ քրիստոնյաների մոտ նշվող Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ Մինսկում այցելելով եկեղեցի՝ շուտով երեսուն տարի Բելառուսում անփոփոխ նախագահող Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, թե 2022-ը պետություններից միություններ ստեղծելու տարի է լինելու. - «Ձեզ պետք է ասեմ, որ այս տարին դյուրին չի լինի։ Աշխարհը լրջագույն ձևով կփոխվի։ Աշխարհը կփոխվի միությունների կազմում ժողովուրդների ու պետությունների միավորման առումով։ Այնպիսի երկրների համար, ինչպիսին մերն է, ոչ թե դժվար, այլ անհնար կլինի միայնակ ողջ մնալը։ Ուստի, ես որդեգրել եմ ամենակոշտ գիծը՝ մեր ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանելու համար, որպեսզի մենք պետություն լինենք, բայց մենք սերտ կապի մեջ լինենք մեր մոտ ընկերների ու եղբայրների հետ։ Դրանք ովքե՞ր են» Ռուսաստանն է, Ղազախստանն է, Ուկրաինան է։ Կարևոր չէ, թե ինչ է այնտեղ այսօր կատարվում, այնտեղ ժողովուրդը անսահման կերպով ընչազուրկ է դարձել։ Այդպես չի կարող երկար շարունակվել, և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի վերադարձնենք Ուկրաինան մեր իրական հավատի ծոցը»։

Այս խոսքերից երեք օր անց Ղազախստանի հարցով ՀԱՊԿ արտահերթ, առցանց գագաթնաժողովի ժամանակ Լուկաշոնկոն հայտարարեց, որ հեռանկարում ռազմական դաշինքին լուրջ մարտահրավերներ են սպասում, ուստի անհրաժեշտ է հետևողականորեն ամրապնդել այն՝ կոչ անելով դա անելիս հայացքը չուղղել դեպի Արևմուտք, Ամերիկա, այլապես «վզներս կոլորենք»։

Ռուսաստանն ու Բելառուսը միութենական պետություն ստեղծելու պայմանագիրը և այդ պետության կանոնադրությունը (устав) ստորագրել են 1997-ին։