Թեհրանը Վաշինգտոնին հորդորում է չեղարկել պատժամիջոցները և հնարավոր դարձնել 2015-ի պայմանագրի վերականգնումը

Իրանի արտգործնախարարության մամլո խոսնակ Սայեդ Խաթիբզադեհը, արխիվ, Թեհրան:

Իրանը Միացյալ Նահանգներին հորդորում է «անել վճռական քայլ և հրաժարվել սահմանած պատժամիջոցներից, ինչը թույլ կտա վերականգնել 2015 թվականի միջուկային պայմանագիրը»: Այդ մասին ասել է ԻԻՀ արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Սայեդ Խաթիբզադեհը:

«Այսօր Միացյալ Նահանգներն ունի հնարավորություն ապակառուցողական գործողությունների փոխարեն հստակ օրակարգով գալ Վիեննա, եթե նրանք գան այդպիսի օրակարգով և պատժամիջոցները չեղարկելու վճռով և եթե կատարեն ստանձնած պարտավորությունները՝ համաձայնության հասնելը հնարավոր կդառնա շատ կարճ ժամանակամիջոցում»,- ասել է Արտգործնախարարության խոսնակը:

Այս տարվա ապրիլից սկսած կողմերը Վիեննայում՝ Միացյալ Նահանգների անուղղակի ներգրավմամբ, բանակցությունների 8 փուլ են անցկացրել: Վերջին անգամ կողմերը Վիեննայում բանակցել են հունվարի 28-ին:

Բանակցությունների նպատակն է վերականգնել 2015 թվականի միջուկային պայմանագիրը, որը կնքել են մի կողմից Իրանը, մյուս կողմից՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանիան և Եվրամիությունը:

Այդ փաստաթղթով Իրանը պետք է սահմանափակեր միջուկային ակտիվությունը, մասնավորապես դադարեցներ ուրանի հարստացումը:

Ի պատասխան դրան գերտերությունները պետք է ատիճանաբար հրաժարվեին տնտեսական պատժամիջոցներից:

Միացյալ Նահանգները 2018 թվականի մայիսին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ դուրս է եկել պայմանագրից, սակայն նրան այդ պաշտոնում փոխարինած դեմոկրատական Ջո Բայդենն ասել է, որ նպատակահարմար է վերականգնել պայմանագիրը: