Յենս Ստոլտենբերգ. «ՆԱՏՕ-ն մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Բրյուսել, արխիվ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեսն Ստոլտենբերգն այսօր Բրյուսելում հայտարարել է, որ դաշինքը զորք չի ուղարկի Ուկրաինա, քանի որ հավաքական պաշտպանության հոդվածը չի տարածվում կառույցից դուրս գտնվող պետությունների վրա:

«ՆԱՏՕ-ի մասին Վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածը չի գործում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չհանդիսացող պետության նկատմամբ, հետևաբար, ՆԱՏՕ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա»,- ասել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի հիմնադրման մասին Վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածը սահմանում է, որ անդամ երկրներից մեկի վրա հարձակումը հավասարազոր է հարձակման ամբողջ դաշինքի վրա, և, հետևաբար, անդամ բոլոր երկրները պետք է հավաքական ջանքերով պաշտպանեն հարձակման ենթարկվածին:

«Անհրաժեշտ է հստակ տարբերակել սեփական տարածքը պաշտպանելու ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը և Ուկրաինայի զինծառայողներին պատրաստելու, այդ երկրին նյութական օգնություն տրամադրելու գործընթացը»,- ասել է գլխավոր քարտուղարը:

Միաժամանակ նա նշել է, թե «Ռուսաստանն իր սահմանների մոտ կտեսնի էլ ավելի մեծ թվով ՆԱՏՕ-ի ուժեր, եթե հարձակվի Ուկրաինայի վրա»: