Առողջապահության համաշխարհային կազմակերպության Գործադիր կոմիտեն գլխավոր տնօրենի պաշտոնում երկրորդ անգամ առաջադրում է կառույցի գործող ղեկավար, եթովպացի Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի թեկնածությունը:
Այդ որոշումը Գործադիր կոմիտեն ընդունել է այսօր Ժնևում գումարված 150-րդ նստաշրջանում:
Գեբրեյեսուսն արդեն հինգ տարի է պաշտոնավարում, և առաջիկայում նրա լիազորությունների ժամկետը սպառվում է: Նոր թեկնածուն պետք է հաստատվի ԱՀԿ 75-րդ համագումարում, որը պետք է տեղի ունենա այս տարվա մայիսի 22-ից 28-ը Ժնևում:
Գեբրեյեսուսը գլխավոր տնօրենի միակ թեկնածուն է: Գործադիր կոմիտեի նիստում նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին ցուցաբերած վստահության համար:
«Վերջին երկու տարիները շատ դժվար էին, բայց դուք միշտ իմ կողմից եք եղել, և ես շնորհակալ եմ դրա համար: Ես հավատում եմ, որ 2022 թվականին կորոնավիրուսի համավարակի ակտիվ փուլը կավարտվի»,- ասել է Գեբրեյեսուսը: