Իրանի նախագահն այս շաբաթ կայցելի Մոսկվա

Ռուսաստանի նախագահի հրավերով այս շաբաթ Մոսկվա կայցելի Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Իրանի նախագահը երկկողմ հանդիպում կունենա ռուսաստանցի պաշտոնակցի հետ, հունվարի 20-ին ելույթ կունենա Ռուսաստանի Պետդումայում։

«Նախագահի այցը տեղի կունենա Ռուսաստանի ղեկավարի մի քանի հրավերներից հետո և ունի առանձնահատուկ նշանակություն: Այցը տեղի է ունենում կառավարության հավասարակշռված արտաքին քաղաքական կուրսի շարունակության շրջանակներում», - հայտարարել է Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն։

«Օրակարգում տարբեր հարցեր են՝ մշակույթի, քաղաքականության, տնտեսական, տեխնոլոգիական և հումանիտար համագործակցության ոլորտներից», - նշել է իրանցի դիվանագետը: