ԱՄՆ-ը կազմել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման պարագայում գործողությունների 18 սցենար

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը, արխիվ,

Միացյալ Նահանգների պետական քարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդն ասել է, որ Վաշինգտոնը կազմել է գործողությունների 18 տարբեր սցենարներ, որոնք կիրականացվեն այն դեպքում, եթե Ռուսաստանի բանակը ներխուժի Ուկրաինայի տարածք:

Այդ մասին փոխպետքարտուղարն ասել է Մեծ Բրիտանիայում լույս տեսնող Financial Times պարբերականին:

«Ես մտադիր չեմ պատմել բոլոր 18 տարբեր սցենարների մասին, պարզապես կասեմ, որ մենք և մեր դաշնակիցները պատրաստ ենք Ռուսաստանին սուր ցավ պատճառել, եթե Ռուսաստանը դիմի [Ուկրաինայի նկատմամբ] որևէ ագրեսիվ քայլի», - այսօր հրապարակված հարցազրույցում հայտնել է Վիկտորիա Նուլանդը:

Նա ասել է նաև, որ Ռուսատանի նկատմամբ ամերիկյան և եվրոպական պատժամիջոցները կարող են տարբերվել:

«Երբեմն մի բան անելն ԱՄՆ-ի համար է դժվար, երբեմն՝ Եվրոպայի», - նշել է Նուլանդը, հավելելով, որ Վաշինգտոնը եվրոպացի դաշնակիցների հետ բանակցում է ռուսական հնարավոր ագրեսիային արձագանքելու տարբերակների շուրջ: