Ղազախստանում տեղի է ունեցել ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ավարտին նվիրված արարողություն

Ղազախստան - Ռուս խաղաղապահները Ալմաթիում օբյեկտի պահպանություն են իրականացնում, հունվար, 2022թ․

Ղազախստանում այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություն։

Միջոցառման ընթացքում պարգևատրվել են ՀԱՊԿ անդամ երկրների զորախմբերից յուրաքանչյուրի առավել աչքի ընկած ներկայացուցիչները։ Արարողությունն ավարտվել է հինգ երկրների զինվորականների համատեղ հանդիսավոր երթով։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հունվարի 6-ի որոշման համաձայն՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամկետով ուղարկվել են Ղազախստան՝ «իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար»։ Խմբավորման կազմում ընդգրկված են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։

Այսօր սկսվել է Ղազախստանի տարածքից խաղաղապահ զորախմբի աստիճանական դուրսբերումը, որը կտևի մի քանի օր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ ՊՆ նախարարները այսօր հաստատելու են Ղազախստանից զորքերը դուրս բերելու կարգը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կմեկնարկի հունվարի 13-ին