«Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ նախագահի հրաժարականը պահանջող որոշման նախագիծ

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ նախագահի հրաժարականը պահանջող որոշման նախագիծ, «Ազատությանը» հայտնեց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով այս նախագծին, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այն օրերին, երբ Հայաստանի շուրջ կարևոր դիվանագիտական պրոցեսներ են ընթանում, կրակոցներ են հնչում Հայաստանի սահմանների ուղղությամբ, Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, իսկ ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ինձ է ուղարկվել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը»:

Ըստ ԱԺ նախագահի` այս արարքը նշանակում է երկու բան. «Ձեր քաղաքական ապիկարությունն իր գագաթնակետին է, իսկ ես իմ մասով մինչ այս պահն ամեն ինչ ճիշտ եմ արել»:

«Հայաստան» խմբակցությունից հավելեցին, որ որոշման նախագիծը հիմնավորում են նաև Ալեն Սիմոնյանի հայտնի հայտարարությամբ: «Ակնհայտ է, որ ցանկացած պաշտոնյա իր հնչեցրած խայտառակ հայտարարություններից հետո կա՛մ ինքնակամ պետք է հրաժարական տար, կա՛մ ամեն կերպ հայցեր հանրության ներողամտությունը», - ասաց խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը:

Հիշեցնենք, Ազգային ժողովի նախագահի սկանդալային ձայնագրության տարածումից հետո ընդդիմությունը, այդ թվում` խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ` «Հայաստան» խմբակցությունը, իրավապաշտպանները հայտարարել էին, թե նա պետք է հրաժարական տա: Ենթադրաբար խոսելով նոյեմբերի 16-ի սահմանային լարվածության ժամանակ գերեվարվածների մասին` Սիմոնյանը այցերից մեկի ժամանակ ոչ հրապարակային զրույցում հայտարարել էր՝ «էդ գերիներն էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել են ու հայտնվել են գերության մեջ»: Գաղտնի նկարված այս տեսանյութը քննադատության ու զայրույթի ալիք բարձրացրեց։