Ադրբեջանը, ի պատասխան հայկական կողմի սադրանքի, նպատակահարմար չի համարել արտգործնախարարների հանդիպման անցկացումը․ Ադրբեջանի ԱԳՆ

«Դեկտեմբերի 3-ին նախատեսված հանդիպումից մի քանի ժամ առաջ Հայաստանը սադրանք է իրականացրել։ Այսպես, տեղեկություններ են հայտնվել Հայաստանի խորհրդարանականների՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքներ ապօրինի այցի հետ կապված։ Այսպիսով, ադրբեջանական կողմը, ի պատասխան Հայաստանի այդ սադրանքի, նպատակահարմար չի համարել Ստոկհոլմում երկու երկրների նախարարների հանդիպման անցկացումը»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան՝ պատասխանելով Բայրամով-Միրզոյան հանդիպման չեղարկման մասին APA գործակալության հարցին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին չհաղորդվեց

Հայկական կողմը Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների պլանավորված հանդիպման չեղարկման պատճառները չի հայտնել։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը «Արմենպրես»-ին միայն ասել է, որ «հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպումներից»։

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Ստեփանակերտ է գործուղվել ՀՀ Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, դեկտեմբերի 3-ից 5-ը Ստեփանակերտում նախատեսված է համատեղ խորհրդարանական լսումներ։