Միխեիլ Սաակաշվիլին սկսել է բանտում դեղամիջոցներ ընդունել

Վրաստանի կալանավորված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փոխադրումը Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկ, արխիվ

Վրաստանի նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, ով հոկտեմբերի 1-ից հացադուլի մեջ է, համաձայնել է Ռուսթավիի թիվ 2 քրեակատարողական հիմնարկում դեղամիջոցներ ընդունել: Այդ մասին այսօր հայտնել է երրորդ նախագահի փաստաբան Գեորգի Գելխաուրին:

«Սաակաշվիլիի մոտ գրանցվել է առողջական վիճակի ակնհայտ վատթարացում, ինչի կապակցությամբ բժիշկները նշանակել են դեղորայքային բուժում, Սաակաշվիլին արդեն ընդունել է դեղերը, նա թեստեր է հանձնել, տեսնենք, թե ինչ պատասխան կստանանք», - ասել է փաստաբանը:

Նրա համոզմամբ, խնդրի միակ ճիշտ լուծումը Սաակաշվիլիին քաղաքացիական հիվանդանոց փոխադրելն է:

Ավելի վաղ Սաակաշվիլիին բանտում այցելած Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մաքսիմ Պերեբեյնոսն ասել է, թե Վրաստանի նախկին նախագահը հրաժարվում է դեղամիջոցներից, քանի որ իրեն թույլ չեն տալիս իրավաբանական օգնություն ստանալ:

Սաակաշվիլին Վրաստանում չորս տարբեր գործերից երկուսով հեռակա կարգով դատապարտել են երեք և վեց տարվա ազատազրկման: Հոկտեմբերի 20-ին նրան ներկայացրել են երկրի սահմանն ապօրինի եղանակով հատելու մեղադրանք, որով նա կարող է դատապարտվել մինչև հինգ տարվա ազատազրկման:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բարի՞ լույս Վրաստան

Սաակաշվիլին Վրաստան է վերադարձել ՏԻՄ ընտրությունների նախօրեին և աջակիցներին կոչ է արել քվեն տալ իր առաջնորդած «Ազգային միացյալ շարժում» ընդդիմադիր կուսակցությանը: Նա հերքում է բոլոր մեղադրանքները, նրա կալանավորումը Վրաստանում ներքաղաքական ճգնաժամ է առաջացրել:

Իշխանությունները պնդում են, որ Սաակաշվիլին վերադարձել է իրավիճակը սրելու, պառակտումներ տարածելու և հաջողության դեպքում հեղաշրջում իրականացնելու ծրագրով, որը ձախողվել է, քանի որ քաղաքացիները ՏԻՄ ընտրություններում սատարել են «Վրացական երազանք» իշխող կուսակցությանը: