Եվրամիության դատարանը Լեհաստանին պարտավորեցրել է օրական 1 մլն եվրո վճարել

Եվրոպական միության դատարանը Լեհաստանին պարտավորեցրել է օրական 1 միլիոն եվրո վճարել՝ լեհական դատական բարեփոխումների հարցով Եվրամիության դատարանի վճիռները չկատարելու համար։

Հուլիսից ի վեր Վարշավան հրաժարվում է կասեցնել Գերագույն դատարանի կարգապահական պալատի աշխատանքը, որը դատարանի գնահատմամբ անհամատեղելի է դատական իշխանության անկախության և անկողմնակալության մասին Եվրամիության նորմերի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիության և Լեհաստանի վեճը հասել է Եվրախորհրդարան

Եվրամիության ու դաշինքի անդամ Լեհաստանի միջև հարաբերությունները կտրուկ սրվել են Վարշվայի կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների պատճառով։ Բրյուսելը պնդում է, որ այդ փոփոխությունները խաթարում են դատարանների անկախությունը:

Կողմերի միջև վեճն էլ ավելի սրվեց, երբ Լեհաստանի Սահմանադրական դատարանը վճռեց, որ Եվրամիության օրենսդրության որոշ դրույթներ հակասում են երկրի մայր օրենքին: Լեհաստանի բարձր դատական մարմինը հայտարարեց, թե ունի ոչ միայն Եվրամիության օրենքների, այլև Եվրամիության արդարադատության դատարանի վճիռների սահմանադրականությունը ստուգելու իրավունք: