Հարյուր հազարավոր լեհեր դեմ են Եվրամիության հետ առճակատմանը

Լեհերը դատապարտում են Եվրամիության հետ առճակատվելու կառավարության քաղաքականությունը, Վարշավա, 10 հոկտեմբերի, 2021թ.

«Լեհաստանը եվրոպական է», «Մենք Եվրոպա ենք», «Լեհաստանը մնում է Եվրամիությունում». այս կարգախոսներով հարյուր հազարավոր լեհեր երեկ ցույցեր են անցկացրել մայրաքաղաք Վարշավայում, ինչպես նաև Գդանսկում, Պոզնանում, Շեցինում, Կրակովում և այլ քաղաքներում:

Լեհերը բողոքում են Եվրամիության օրենսդրության նկատմամբ Լեհաստանի Սահմանադրության գերակայության մասին Սահմանադրական դատարանի որոշման դեմ: Վարշավայի Ամրոցի հրապարակում հավաքված մարդիկ մտահոգություն են հայտնել, թե առճակատումը Եվրամիության հետ կարող է շատ թանկ գին ունենալ Լեհաստանի համար:

«Վախենամ վատ ժամանակները վերադառնան, երիտասարդներն իրենց տարիքի բերումով չեն հիշում, մինչդեռ այն ժամանակ պարզապես չկար խոսքի ազատություն»,- ասել է ցուցարար Յանուշ Կուչինսկին:

Լեհաստանի Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 7-ին վճռել է, որ Եվրամիության օրենսդրության որոշ դրույթներ հակասում են երկրի մայր օրենքին:

Սահմանադրական դատարանը հայտարարել է, թե ունի ոչ միայն Եվրամիության օրենքների, այլև Եվրամիության արդարադատության դատարանի վճիռների սահմանադրականությունը ստուգելու իրավունք:

Օրենքի ընդդիմախոսներն ասում են, թե Սահմանադրական դատարանն այդ հայտարարությամբ բացահայտ մարտահրավեր է նետում ամբողջ Եվրոպական միությանն, ինչի հետևանքով Լեհաստանի դիրքերն այդ կառույցում խարխլվում են:

Լեհ վերլուծաբանների փոխանցմամբ, Եվրոպական միության կենտրոն Բրյուսելի հետ իրավական հակամարտությունը կարող է դառնալ միությունից արտաքսվելու առիթ:

Զուգահեռ անցկացնելով բրիտանական «բրեքզիտի» հետ` քաղաքական գործիչները Բրյուսելում արդեն շրջանառության մեջ են դրել «պոլէքզիթ» եզրույթը:

Այդ վտանգին են անդրադառնում նաև ցուցարարները, նշելով, որ ժամանակին քչերն են լուրջ ընդունել «բրեքզիտի» վտանգը, սակայն այն՝ շատերի համար անսպասելի, փաստ է դարձել և ամբողջությամբ աղավաղել է Բրիտանիայի և Եվրամիության քաղաքական պատկերը:

«Ինձ հուզում է Եվրոպայի քաղաքական իրողությունը, մինչդեռ, այստեղ կարող է ստեղծվել Մոսկվան հիշեցնող իրավիճակ, իսկ դա այն տեղը չէ, որտեղ կուզենամ տեսնել ինձ, ընկերներիս կամ երեխաներիս»,- ասել է ցուցարար Մացեյ Լևանդովսկին:

Ցույցերի դիմելու կոչով հանդես է եկել Լեհաստանի նախկին վարչապետ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ, Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ և «Քաղաքացիական հարթակ» լեհական ընդդիմադիր կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը:

«Մենք պետք է փրկենք Լեհաստանը, մեր փոխարեն դա ոչ ոք չի անի»,- Թվիթերի էջում գրել է Տուսկը:

Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչպես կպատասխանեն Եվրոպական միության կառույցները Լեհաստանի Սահմանադրական դատարանի վճռին:

«Մենք պետք է տեսնենք, թե Լեհաստանի իրավիճակի վերաբերյալ ինչ որոշումներ կկայացնի Արդարադատության դատարանը, հնարավոր են ֆինանսական պատժամիջոցներ»,- ասել է արդարության, հիմնարար իրավունքների և քաղաքացիության հարցերով հանձնակատար Դիդյե Ռեյնդերսը:

Լեհաստանի կառավարությունը հավաստիացնում է, որ չունի երկիրը Եվրամիության կազմից դուրս հանելու մտադրություն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արդյո՞ք Brexit-ին կհաջորդի Polexit-ը

Լեհաստանի ներկայիս վարչապետ Մատեուշ Մազովյեցկին, ով ներկայացնում է «Իրավունք և արդարություն» կուսակցությունը, հայտարարել է, թե Եվրամիության յուրաքանչյուր երկիր հարգանքի է արժանի: Նրա խոսքով, «միությունը չպետք է լինի հավասարների և էլ ավելի հավասարների միավորում»:

Նա ասել է, թե միության այլ անդամներ ևս՝ Գերմանիան, Չեխիան, Ռումինիան, Ֆրանսիան, Դանիան, Իսպանիան և Իտալիան ժամանակին ընդունել են ազգային օրենսդրությունը եվրոպականից վեր դասող որոշումներ:

Լեհաստանի Սահմանադրական դատարանի և Եվրամիության կառույցների առճակատումը սկվել է դեռ 2017-ին, երբ Վարշավան դատական համակարգի բարեփոխում է նախաձեռնել, մասնավորապես, սահմանել, որ թոշակի տարիքին հասնելուն պես, գերագույն դատարանի դատավորները պարտավոր են ազատել պաշտոնները, և արդարադատության նախարարին ընձեռել են խորհրդարանի հավանությամբ դատավորներին պաշտոնանկ անելու հնարավորություն:

Այն ժամանակ Բրյուսելը սպառնացել է, որ լեհերը Եվրամիությունում կզրկվեն ձայնի իրավունքից, եթե խախտեն միության կանոնները:

Հետագայում դրան ավելացել են վեճերը սեռական փոքրամասնությունների իրավունքների և դատական համակարգի անկախության շուրջ:

Լեհաստանի ազգայնական լիդերները և մամուլն ընդդիմության լիդեր Դոնալդ Տուսկին անվանում են «Գերմանիայի գործակալ», ինքը Տուսկն ասել է, թե երկրի ներկայիս լիդերները ցանկակում են խզել կապերը Եվրամիության հետ՝ «ներսում դիկտատորական եղանակով կառավարելու համար»: