19-րդ դարի Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը` շվեյցարացի հնագետի աչքերով

Կովկաս - Պատկերներ, որոնք արվել են պրուսացի հետազոտող Ֆրեդերիկ Դուբուայի կողմից 1830-ականներին

Մոտ 200 տարի առաջ, երբ լուսանկարչության դարաշրջանը դեռ չէր սկսվել, և ճանապարհորդներն էին հեռավոր աշխարհի մասին գիտելիքների հիմնական աղբյուրը, Նիկոլայ Առաջինը նկարիչ, հետազոտող ու հնագետ Ֆրեդերիկ Դյուբուային գործուղեց Կովկաս` Ռուսական Կայսրության հարավային սահմանն ուսումնասիրելու և նկարելու համար:

Շվեյցարիայում ծնված, ֆրանսիական ծագում ունեցող 33-ամյա Դյուբուան իր ճանապարհորդությունը սկսեց 1831 թվականին` մատիտով ու էսքիզների նոթատետրով: Երեք տարի անց նա Եվրոպա վերադարձավ 11-հատորանոց հարուստ աշխատությամբ, ճանապարհորդական նոթերով ու հինգ հսկայական ատլասներով, որոնք մինչ օրս համարվում են տարածաշրջանի պատմության ու ճարտարապետության ամենավստահելի աղբյուրներից մեկը:

Ֆրեդերիկ Դյուբուան (1798-1850 թթ.) այսօրվա Շվեյցարիայում գտնվող Նյուշատել քաղաքի ֆրանսախոս բնակիչ էր: Բացի Կովկասից, Դյուբուան ճանապարհորդել է նաև Ղրիմում

Տևական փորձերից հետո «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին հաջողվել է ձեռք բերել այդ ատլասներից երեքի տեսապատճենները` Վրաստանի Խորհրդարանական գրադարանից: Դրանցում երևում է Արարատ լեռը` Երևանի բերդից, Գեղարդի վանքը, Շուշին, ինչպես նաև կառույցներ Նախիջևանում, որոնք Դյուբուան «պարսկական» է որակում:

Վրաստանի Խորհրդարանական գրադարանի կողմից «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տրամադրված հատորներից մեկի տիտղոսաթերթը

Նախիջևանյան գծանկարներից մեկում, որն ըստ այդ տարածքին քաջատեղյակ, հետազոտող Սիմոն Մաղաքյանի, արվել է ավելի ուշ ոչնչացված Ջուլֆայի գերեզմանատնից, երևում է ընդամենը մեկ խաչքար: Ըստ Մաղաքյանի, Դյուբուան միտումնավոր է նման հնարքի դիմել. մնացած բոլորի պատկերումը չափազանց բարդ ու աշխատատար կլիներ անգամ անխոնջ Դյուբուայի համար` հաշվի առնելով քարե արձանների մանր ու բազմազան զարդանախշերը:

«Նկարիչը ցույց է տալիս մի քանի հազար խաչքարից միայն մեկը, որպեսզի օգնի դիտողին այն առավելագույնս գնահատել», - ասում է Մաղաքյանը:

Տեսարան Երևանի ամրոցից դեպի Արարատյան դաշտավայր և դեպի հեռավոր Արարատ լեռը: Այսօր ավերված բերդի տեղում, որտեղ կանգնած էր Դյուբուան՝ այս բնանկարը ուրվագծելու ժամանակ, գտնվում է Երևանի Կոնյակի գործարանը

Երկու տղամարդ` Ադրբեջանում գտնվող Շամքիրի մինարեթի մոտ: Կառույցը փլուզվել է 1861 թվականից առաջ, ըստ որոշ հաղորդումների, այն ունեցել է 60 մետր բարձրություն և ծառայել է որպես ռազմական դիտակետ

Հետին պլանում «Արարատ լեռան գագաթներն են վեհորեն վեր խոյանում», - գրել է Դյուբուան, հավելելով, - «[Նախիջևան] կատարած իմ այցից հետո 1840 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած սարսափելի երկրաշարժը քանդեց այս երկու հուշարձանները: Դրանք այժմ գոյություն ունեն միայն իմ գծագրերում»

Հայաստանի Գեղարդի վանքը, որ ծվարել է ժայռոտ լանդշաֆտի վրա: Դյուբուան այդ վայրը անվանել է «Մեծ Հայաստանի ամենավայրի հովիտներից մեկը», արձանագրելով` «մեկուսի վանքը գրավում էր աշխարհից հրաժարված ճգնավոր վանականներին»: Դյուբուան գրել է` այստեղ պահվում են թե՛ Քրիստոսի Խաչելության հետ կապված սուրբ մասունքներից մեկը` տեգը, որով նա խոցվել էր Խաչի վրա, թե՛ «Նոյյան տապանից մի կտոր»

Պիցունդայի տաճարը` Վրաստանից անջատված Աբխազիայում: Երիտասարդ նկարիչը նշել է, որ ռուս ցար Նիկոլայ Առաջինը պատվիրել է վերականգնել քանդվող եկեղեցին, բայց ինքը նկարել է այն` մինչ նորոգումը: «Տանիքը քանդվում է, իսկ գմբեթը ծածկված է նռան ծառերով», - գրել է նա

Տեսարան Նախիջևանի ավերված Ջուլֆա քաղաքից: Հայ հետազոտող Սիմոն Մաղաքյանը, ով լայնորեն ուսումնասիրել է այս տարածքը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ էսքիզը, ըստ երևույթին, արվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2005 թվականին քանդված Ջուղայի հայտնի հայկական գերեզմանատան եզրից

Ջուղայի գերեզմանատան քարե խոյերից մեկի մանրամասն նկարը. պատկերված խորհրդավոր քարե քանդակներից այսօր միայն մի քանիսը գոյություն ունեն

Բագրատի տաճարի ավերակները Վրաստանի արևմտյան Քութայիսի քաղաքում: Շենքը «ավերվել է 1691 թվականին թուրքերի կողմից», - գրել է Դյուբուան, հավելելով. «Նրանք պայթեցրել են բերդը և հարակից շենքերը»

Դյուբուան նաև Քութայիսիի Բագրատի տաճարն է պատկերել, որն այժմ ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: 11-րդ դարի կառույցը Դյուբուան նկարագրում է որպես «բյուզանդական և հայկական [ոճերի] խառնուրդ»` թողնելով գրառում, որ վրացիներից շատերին է այսօր զայրացնում: «Բյուզանդական ոճը ընդունված էր ներքին հարդարման` ինտերիերի համար, մինչդեռ արտաքին դեկորացիաները ավելի շուտ հայկական ոճի էին», - գրել էր նա տաճարի նկարագրական մասում:

Նկարներից մեկում էլ պատկերված է Դեբեդ գետի վրա կառուցված Սանահինի կամուրջը, որտեղից մի քանի տասնյակ կիլոմետր այն կողմ այսօրվա հայ-վրացական սահմանն է սկսվում: Դյուբուային, կարծես թե, միջնադարյան այս կամուրջը շատ է գրավել. «Ժամանակին թագավորն այստեղ գյուղ էր հիմնել, որպեսզի ճանապարհորդները կարողանային ուտելիք գտնել», - գրել է հետազոտողը՝ շարունակելով. - «Այսօր ոչ մի բան չկա` ո՛չ գյուղ, ո՛չ մի քարավանատուն: Միայն կամուրջն է մնացել` 400 ոտնաչափ երկարությամբ, 14 ոտնաչափ լայնությամբ»:

11-րդ դարում կառուցված Բագրատի տաճարը` մեկ այլ դիտանկյունից: Թուրքական արշավանքից մոտ մեկ դար անց` 1770-ին, տաճարի արևելյան մասն ամբողջովին փլուզվել է

11-րդ դարում կառուցված Բագրատի տաճարը` մեկ այլ դիտանկյունից: Թուրքական արշավանքից մոտ մեկ դար անց` 1770-ին, տաճարի արևելյան մասն ամբողջովին փլուզվել է

Սանահինի կամուրջը` կառուցվել է 12-րդ դարում` ի հիշատակ Կյուրիկյանների արքայատոհմի վաղամեռիկ ժառանգ Աբաս Բագրատունու

Հայ վանականները` Էջմիածնի Մայր տաճարի տարածքում: Գրեթե երկու դար անց` Մայր տաճարի արտաքին տեսքը մնում է անփոփոխ

Եկեղեցի Ախալցխայում` Վրաստանի հարավում

«Հայկական ոճի հուշարձանների շարքը ես ավարտում եմ հայկական եկեղեցով, որը կառուցվել է Ախալցխա քաղաքի վերևում` այն վայրում, որը թուրքական արշավանքի ժամանակ`1828 թվականին, ամենահուժկու հարձակմանն էր ենթարկվել», - գրել է Դյուբուան՝ հավելելով. - «Եկեղեցու քիվերի և պատերի վրա երևացող անցքերը թողել են թնդանոթի գնդակները` քաղաքի պաշարման ժամանակ»:

Դյուբուան Եվրոպա է վերադարձել 1834 թվականին: Տարածաշրջանի վերաբերյալ նրա գրքերի հրապարակումից հետո նրան շնորհվել է Ֆրանսիայի աշխարհագրական ընկերության ոսկե մեդալ և Սուրբ Ստանիսլաուի շքանշան: Երիտասարդ ճանապարհորդ֊հետազոտողը առատաձեռն վարձատրություն է ստացել նաև ռուսական ցարից: Կյանքի վերջին տարիները Դյուբուան անցկացրել է Եվրոպայում` զբաղվելով հնագիտական հետազոտություններով: Մահացել է 1850 թվականին` 51 տարեկանում:

Հեղինակ՝ Էյմոս Չապլ