Բայդեն. «Քաբուլից մարդկանց տարհանումը բարդ և վտանգավոր գործողություն է»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Սպիտակ տուն, արխիվ, Վաշինգթտն,18 օգոստոսի, 2021թ.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Վաշինգտոնն ամեն ինչ անում է Քաբուլից ամերիկացիների և վտանգված աֆղանստանցիների ապահով տարհանումն իրականացնելու համար: Նրա խոսքով, դա շատ դժվար խնդիր է, և հնարավոր են բարդություններ:

«Իմացեք, այս տարհանման առաքելությունը վտանգավոր է, մեր զինծառայողների կյանքին է սպառնում, գործողությունն իրականացվում է չափազանց դժվար հանգամանքներում: Ես չեմ կարող բացարձակ հաջողություն խոստանալ, բայց որպես ձեր գերագույն գլխավոր հրամանատար` վստահեցնում եմ, որ մենք ամեն բան կանենք, որ տուն բերենք մեր հայրենակիցներին, մենք կգործադրենք մեր բոլոր կարողությունները և լծակները»,- ասել է Բայդենը:

Միացյալ Նահանգները փորձում է Աֆղանստանից ամերիկյան ուժերը դուրս բերել մինչև թալիբների հետ համաձայնեցված ժամկետը՝ օգոստոսի 31-ը:

Ամերիկացիները փորձում են նաև տարհանել վտանգված աֆղանստանցիներ՝ տարբեր ոլորտում աշխատող մարդկանց, ովքեր 20 տարիների ընթացքում համագործակցել են ԱՄՆ պետության և բանակի, ինչպես նաև այլ պետությունների դիվանագիտական առաքելությունների հետ:

Այս օրերին ամերիկացի հազարավոր զինծառայողներ տեղակայված են Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդակայանում, որտեղ ապահովում են տարհանման անվտանգությունը: Ջո Բայդենը նշել է, որ հարկ եղած դեպքում ամերիկյան ուժերի տեղակայումը կարող է լրացուցիչ ժամանակ պահանջել: