ՀՀ վարչապետը կրկին բարձրաձայնել է ԵԱՏՄ շրջանակներում  էներգակիրների ընդհանուր շուկա ստեղծելու խնդիրը

Հայաստանի վարչապետը հերթական անգամ բարձրաձայնել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էներգակիրների ընդհանուր շուկա ստեղծելու խնդիրը։

Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստին։

Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ միության արդյունավետ զարգացման առանցքային բաղադրիչներից է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների նորմատիվային բազայի ստեղծման ուղղությամբ հետևողական և թափանցիկ աշխատանքը:

Նրա խոսքով՝ միության էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործումը կարող է դառնալ բազմաթիվ մարտահրավերների պատասխան՝ նպաստելով էներգետիկ անվտանգության ամրապնդմանը և երկրների տնտեսությունների կայուն զարգացմանը:

«Այս տարի անդամ երկրները հանձնաժողովի հետ միասին սկսեցին Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման վերաբերյալ միջազգային պայմանագրի քննարկումը: Ակնկալում ենք շարունակական կառուցողական աշխատանք՝ հիմնված փոխըմբռնման վրա և հաշվի առնելով Միության բոլոր անդամ երկրների շահերը», - ասել է նա:

Հայաստանի վարչապետը գոհունակությամբ նշել է, որ հաջողվել է համաձայնեցնել նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը՝ Միության բոլոր պետությունների կողմից հավանության արժանացած հինգ սկզբունքների հիման վրա:

Հայաստանի իշխանությունները պարբերաբար բարձրաձայնում են Եվրասիական տնտեսական միության երկրների էներգակիրների միասնական շուկա ստեղծելու խնդիրը։ Հարցը հատկապես կարևոր է անդամ այն երկրների համար, որ նավթ ու գազ չունեն՝ Հայաստանի, Բելառուսի և Ղրղզստանի համար։ Փորձագետների կարծիքով` առաջիկա տարիներին դժվար թե ընդհանուր շուկայի հարցը վերջնական կարգավորվի, քանի որ ԵԱՏՄ անդամ երկրների մոտեցումներն այս հարցում տարբեր են։

Ի դեպ, ռուսական լրատվական գործակալությունները Փաշինյանի ելույթի հենց այս հատվածն են առանձնացրել։ ՏԱՍՍ գործակալությունը, մասնավորապես, «Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ-ում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորումը» վերնագրով հոդված է հրապարակել, որում շեշտված է, թե Հայաստանի ղեկավարը համարում է, որ «միության էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործումը կարող է պատասխան լինել բազմաթիվ մարտահրավերների»:

Ղրղզստանում երեկվանից հավաքվել են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստին Հայաստանի վարչապետն իր ելույթը սկսել է տրանսպորտային ոլորտի կարգավորման միասնական սկզբունքների մշակման հարցից՝ նշելով, որ անդամ պետությունների՝ 2021-2023թթ․ տրանսպորտային համակարգված քաղաքականության իրագործման ճանապարհային քարտեզը ոլորտի զարգացման հավասարակշռված ծրագիր է:

Փաշինյանը կարևորել է նաև ներքին և արտաքին շուկաներում ԵԱՏՄ-ում արտադրվող արտադրանքի մրցունակության բարձրացումը՝ այս նպատակին հասնելու միջոցառումների համատեքստում ընդգծելով արտահանման համար համատեղ ապահովագրական աջակցության համակարգի ձևավորման կարևորությունը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը որոշվել է անցկացնել հոկտեմբերին Երևանում։