Մտավորականները, արվեստագետները վերջին հրաժեշտը տվեցին Արմեն Շեկոյանին

Հայ գրողները, մտավորականներն ու արվեստագետներն այսօր Գրողների միության դահլիճում վերջին հրաժեշտը տվեցին անկախության տարիների ամենաճանաչված ու սիրված գրողներից մեկին՝ բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանին: Իր գրչընկերներից Կարինե Խոդիկյանն ասում է. «Արմենն ուներ մի տիտղոս, որը ոչ պետական ատյաններն են տալիս, ոչ որոշվում է ինչ-որ տեղերում. նա մեր Երևան քաղաքի պոետն էր: Ամեն անգամ կարդալից նույնիսկ ոչ երևանցին իրեն երևանցի էր զգում: Քաղաքում պակասեց Արմեն Շեկոյանի ֆիզիկական ներկայությունը, բայց նրա պոեզիան, նրա սերն այս քաղաքի, մարդկանց նկատմամբ, որ հաճախ արտահայտվում էր ամենահակասական ձևերով, մնաց քաղաքի մթնոլորտի մեջ:

Ի վերջո քաղաքը տուն ու շենք չէ, քաղաքը նաև այն պոետն է, ով իր կյանքով եկավ, գնաց` մեզ թողնելով մեկ անգամ ևս մեր քաղաքը սիրելու, գնահատելու, այդ գուրգուրանքն ունենալու զգացողությունը: Իմ լավ ընկեր, բարեկամ, բանաստեղծ, Մարդ Արմեն Շեկոյանի հիշատակը ոչ միայն մենք ենք պահում` հիշողներս, նրա հիշատակի առաջին պահապանը նրա պոեզիան է»:

Արմեն Շեկոյանի մեկ այլ մտերիմ ընկերներից մեկի՝ Լևոն Ջավախյանի համոզմամբ էլ` նա իր հանդիպած ամենապարզ և միաժամանակ ամենաբարդ մարդն էր. «Ես համարձակ կասեմ` Երևան քաղաքի ամենակոլորիտով մարդկանցից մեկն էր, ամենից առաջ քաղաքը մարդն է, և այդ մարդկանց մեջ ավելի քան մարդ էր Արմեն Շեկոյանն և՛ իր պոեզիայով, և՛ իր արձակով: Եթե որևէ մի տեղ Արմենին գտնեիր Հայաստանից դուրս, նրա միջոցով կարող ենք վերարտադրել Երևանի հոգևոր աշխարհը, ամբողջ Երևանի: Արմեն Շեկոյանը մեր աննման ընկերն էր և թե իր գրականության մեջ, ժամանակն իր մեջն էր, Երևան քաղաքի մեջ, Հայաստան աշխարհի մեջ Արմեն Շեկոյանը մի կատարյալ ժամանակ, և նա դեռ կապրի»:

Հակոբ Մովսեսն ասում էր, որ մտերիմ է եղել Արմեն Շեկոյանի հետ իր ողջ գիտակցական կյանքում՝ սկսած ուսանողական օրերից: Համակուրսեցիներ են եղել. «Ինքը գույն էր, խարակտեր էր, նկարագիր էր, բնավորություն էր, կերպար էր, մեր քաղաքում շրջող, փողոցում, մայթերում շրջող մի կերպար պակասեց: Երևույթ էր որպես մարդ, իր հումորով, իր պահվածքով, իր զրույցներով, խոսակցություններով, իր համաձայնություններով, համառությամբ ինքը կերպար էր: Մեր քաղաքից մի շատ կարևոր շտրիխ, մի կարևոր կերպար մեր կյանքից վերացավ, վերացավ ֆիզիկապես, բայց շարունակվելու է հոգևոր կյանքում: Իր գրականության մասին գրվել է, դեռևս գրվելու է, դա սոցիալական ընդգծված գրականությունն է Արմենի գրականությունը, պոեզիան ու արձակը մեր ժամանակների տարեգրություն են:

Եթե 100 տարի հետո, 200 տարի հետո մեր ժողովուրդը շարունակի իր գիրն ու գրականությունը, իսկ մենք չենք կասկածում, որ կշարունակի, Արմենի և բանաստեղծությունները, և վեպը միանգամայն պատկերացում են տալու մեր ժամանակների մասին ճիշտ այնպես, ինչպես Ֆրիկի բանաստեղծությունները մեզ բոլորիս շոշափելի պատկերացում են տալիս այն ժամանակաշրջանի մասին, որում այդ բանաստեղծն ապրել է: Սա շատ կարևոր բան է, սա անուրանալի պատմություն է, անուրանալի բան է»:

Գրողների միության վարչության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը նկատում է` Արմեն Շեկոյանի գրականությունը ծնունդ է առել ի հեճուկս նրանց, ովքեր ասում են` գրականություն չկա. «Գրականություն չկա, չկա, մեկ էլ տեսնում ես` մարդը չկա, բայց արդեն մեծ գրականության մասին է, հանկարծ զգում ես, թե ինչ է բերել, քանի ողջ ենք, մենք չենք զգում կարծես թե, չենք զգում, բայց հենց մարդիկ հեռանում են, նոր տեսնում ես, թե ինչ է արել, ինչով է զբաղվել: Դու եկար, ասում է, անժամանակ, բայց գնալու ես ճիշտ ժամին: Հիմա ես չգիտեմ` այդ ճիշտ ժամը որն է, ինձ թվում է` թողնենք բարձրյալին»:

Մերուժան Տեր-Գուլանյանն էլ ընդգծում է, որ իրեն շատ սրտամոտ էր Արմեն Շեկոյանի թե մարդկային, թե գրողի կերպարը. «Ես այն մարդկանցից եմ, որ Արմենի հետ շատ հետաքրքիր օրեր եմ անցկացրել: Շատ սիրում եմ իրեն, սիրում եմ իր գրականությունը, իր մտածողությունը, իր զարմանալի երևանցի լինելը, հազվագյուտ երևանցի էր ինքը, չնայած գաղթականի թոռ էր, այսպես ասած` ուրբանիստական գրականություն ստեղծող էր ինքը` քաղաքային գրականություն և ինչ որ ստեղծեց, այո, մնայուն բաներ են: Վեպը փաստագրությունն է մեր ամբողջ կյանքի, միակն է, այդպիսի բան չկա: Անընդհատ ասում էր` վեպս կիսատ կմնա, ես կգնամ, վեպս չի ավարտվի: Իմ խորին խոնարհումը Արմենի բանաստեղծության, վեպի և իր անձի հանդեպ: Ինձ համար շատ սիրելի մարդ հեռացավ մեր կյանքից, և «Երևան» հյուրանոցի հեղինակը գնաց, «Երևան» հյուրանոցը մի տեսակ դատարկվեց»: