Հայհոյանքը` քրեորեն պատժելի. Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

ԱԺ նիստ, արխիվ

Ազգային ժողովն այսօր ամբողջությամբ ընդունեց հայհոյանքը քրեականացնելու օրինագիծը։ Քրեական օրենսգրքում նոր հոդված է ավելանում` 137.1-ը, որ վերնագրված է՝ «Ծանր վիրավորանք»։

Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ նույնն է թե հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, ըստ օրինագծի, կարող է պատժվել 100 հազարից կես միլիոն դրամի տուգանքով։ Եթե հայհոյանքը հրապարակային է եղել, կամ արվել է համացանցով, կամ եղել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, տուգանքը կկազմի կես միլիոնից մեկ միլիոն դրամ, իսկ եթե միևնույն անձի նկատմամբ և պարբերաբար է տեղի ունեցել, ապա պատիժը 1-3 միլիոն դրամի տուգանքն է կամ կալանքը մեկից երեք ամիս ժամկետով:

Հանրային գործունեությունն այս դեպքում լրագրողական, հրապարակախոսական գործունեությունն է, ծառայողական պարտականությունների կատարմումը, հանրային ծառայությունը, հասարակական կամ քաղաքական գործունեությունը։ Այսինքն` պատիժն ավելի խիստ կլինի, եթե հայհոյանքն ուղղված է քաղաքական գործչին, լրագրողին կամ հանրային ծառայողին։

«Միայն երրորդ մասով, այսինքն` որակյալ հանցակազմի առկայության պարագայում նախատեսվում է որպես ծայրահեղ պատասխանատվության միջոց կալանքը որպես այդպիսին, մնացած բոլոր պարագաներում խոսքը վերաբերում է բացառապես տուգանքի միջոցով անձանց պատասխանատվության կանչելուն», - պարզաբանեց Պետաիրավական հանձնաժողովի ղեկավարը: Վլադիմիր Վարդանյանն ասում է՝ տասը տարի առաջ Հայաստանում վիրավորանքն ու զրպարտանքը ապաքրեականացվեց, և դա լավ էր, այժմ, սակայն, իրավիճակ է փոխվել, սոցիալական ցանցերով հայհոյանքն ամենուր է, իրենք էլ ոչ թե վիրավորանքն ու զրպարտանքն են քրեականացնում, այլ հայոհյանքը: Իրենց կարծիքով` օրինագիծը զսպող դեր կունենա։

Վլադիմիր Վարդանյանը շեշտեց` փոփոխությունները կատարել են այն քրեական օրենսգրքում, որն ուժի մեջ է լինելու մինչև 2022 թվականը։ Դրանից հետո ուժի մեջ կմտնի այս խորհրդարանի կողմից ընդունված նոր քրեական օրենսգիրքը: Մինչ այդ Վարդանյանը հույս ունի, որ հայհոյանքի մակարդակը կնվազի, և այս փոփոխությունները նոր օրենսգիրք բերելու կարիք չի զգացվի։

«Եթե այս մեկ տարվա ընթացքում մենք կարողանանք հասնել այս արդյունքներին, կարիք չի լինի արդեն նոր քրեական օրենսգրքում համարժեք փոփոխություններ կատարել», - ասաց նա:

Ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց՝ այսպես իշխանությունը կարծես թե «պատրաստվում է նոր գումարման խորհրդարանին, մինչդեռ շատ ավելի կարևոր հարցեր կան քննարկելու»։ Ադրբեջանն արդեն ամեն օր հարձակումներ է գործում սահմանին, իր առաջարկը՝ արտակարգ նիստ հրավիրել և թեկուզ փակ ռեժիմով քննարկել իրավիճակը մնացել է անպատասխան։

«Նոր խորհրդարանում էքշնի և հայհոյանքի պակաս չի լինելու, դա թողնում եմ մեծամասնության և նոր ընդդիմության փոխադարձ էքշն կոնֆլիկտին, բայց ես կարծում եմ և պնդում եմ, պարոն Սիմոնյան, որ պիտի անպայմանորեն այս արտահերթից հետո առաջարկս մնում է ուժի մեջ` հրավիրել նիստ», - նշեց պատգամավորը:

Ազգային ժողովի պատգամավորները հիմնականում բարձրացնում էին այս օրինագծի որոշակիությանը վերաբերող հարցեր, հայհոյանքը շատ լայն հասկացություն է: Իշխանական խմբակցությունից Նիկոլայ Բաղդասարյանն անգամ Աճառյանի բառարանից մեջբերեց հայհոյանք բառի իմաստը. «Հասկացվում է ցանկացած սուտ տեղեկատվություն մարդու նկատմամբ հայտնել` ըստ Աճառյանի բառարանի, դա համարվում է հայհոյանք: Մյուս հարցը անպարկեշտության մասին է կամ պարկեշտ վիրավորանքի մասին ենք խոսում, ո՞նց եք որոշելու` դատավորը որոշի` այս նախադասությունն անպարկեշտ է, թե չէ»:

Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց. «Հայաստանի Հանրապետության և դատախազությունը, և քննչական մարմինները, և փաստաբանները, և յուրաքանչյուր քաղաքացի շատ լավ կարողանում է տարբերել հայհոյանքի և այլ վիրավորանքի շեմը»:

Իշխանական խմբակցությունից հեռացած Սոֆիա Հովսեփյանն ավելի կոնկրետ հարց տվեց. «Ինչպե՞ս պետք է կանխվի, օրինակ, հասարակության կողմից իշխանությանը տրվող այսպիսի գնահատականներ` օրինակ` անհայրենիք, հողատու, կապիտուլյանտ և այլն: Կամ ինչպե՞ս պետք է գնահատվի, երբ օրինակ` տիկին Նազարյանի ասած «իդիոտկա» արտահայտությունը: Ինձ շատ հետաքրքիր է` սրանք պետք է քրեականացվեն, թե չէ»:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանն արձագանքեց. «Ջանալ, որ յուրաքանչյուր, մեր կարծիքով, ինչ-որ քննադատությունից մի քիչ անցնող խոսքը գնա քրեաիրավական գնահատման դաշտ, սա շատ վատ տեղ կտանի»:

Ի դեպ, 7 -րդ գումարման Ազգային ժողովի վերջին արտահերթն այսօր վարում էր ոչ թե ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը, որ արձակուրդ է վերցրել, այլ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որ հաջորդ` 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի թեկնածուն է։ Նա ողջ նիստի ընթացքում բավական խիստ էր հետևում ելույթների տևողությանը, նաև նիստի ընթացքում մի քանի անգամ դահլիճում լռություն պահանջեց։