Մշակութային մամուլ, գրական մամուլ միշտ էլ անհրաժեշտ է. «Գրական Արցախ» հանդեսի համահիմնադիր

«Գրական Արցախ» համահայկական հանդեսը ծնունդ է առել 2019 թվականին արցախցի երիտասարդ գրող, լրագրող Վովա Արզումանյանի և «Արմավ» հրատարակչության տնօրեն,   բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանի նախաձեռնությամբ:

Հանդեսի առաջին համարի շնորհանդեսը տեղի է ունեցել Ամարասի վանական համալիրում:

Բոլորովին վերջերս լույս ընծայվեց հանդեսի 3-րդ համարը, որը, ինչպես նշում է ամսագրի համահիմնադիր Արմեն Ավանեսյանը, մեկ անգամ ևս ապացուցում է, որ նույնիսկ մեր դժվարին օրերում անհրաժեշտություն կա նման գրական հարթակի, որտեղ կարող են իրենց ստեղծագործությունները միասնաբար լույս ընծայել թե' Արցախի, թե' Հայաստանի, թե' սփյուռքի երիտասարդ, նաև ավագ սերնդի գրողները:

Ավանեսյանը շեշտում է, որ եթե գտնվեն հովանավորներ, «Գրական Արցախը» գոնե երկու ամիսը մեկ պարբերականությամբ կկարողանան հրատարակել. - «Որովհետև դրա համար պետք են ներդրումներ, դրա համար պետք են հնարավորություններ։ Որպես էդպիսին, առնում է ներկայումս հանդես որոշակի պարբերականությամբ՝ տարին երկու, երեք, գուցե չորս համար կարողանանք տալ»։

Հարցին, թե ինչպիսի գրական ընթացք կա այսօր Արցախում, Ավանեսյանն արձագանքեց. - «Նախորդ տարիներից այդքան էլ չի տարբերվում, չնայած թեմատիկ առումով... երկրի կորուստ, ցավ ստեղծագործողների երկերում։ Որոշ արցախցի բանաստեղծներ, կորցնելով բնօրրանը, հիմա Երևանում են կամ Գյումրիում, բայց նրանք Արցախի գրականության մաս են կազմում, ոորվհետև իրենց բարձրացրած հարցադրումներով, խնդիրներով, չճանաչված երկրի քաղաքացու ողբերգությամբ, ցավով ի հայտ են գալիս, երևում են»։

48-էջանոց, 100-300 օրինակ տպաքանակով լույս տեսնող «Գրական Արցախ» հանդեսն առայժմ կրպակներում ձեռք բերել հնարավոր չէ, բայց, ինչպես շեշտում է Արմեն Ավանեսյանը, այն կարելի է ձեռք բերել գլխավոր խմբագրից կամ հրատարակչությունից, կամ էլ առցանց պատվերով. - «Էսպիսի բան կա, որ Վովա Արզումանյանն է մտածել՝ «Գրական Արցախ»-ի գլխավոր խմբագիրը, որը երիտասարդ, ժիր, գրականությանը նվիրված երիտասարդ է։ Աշխարհում ընդունված է, որ հեղինակը աշխատում է, դա նրա ինտելեկտուալ հարստությունն է, և հեղինակին տրվում է հոնորար։ Մեր հեղինակը ոչ միայն հրաժարվում է հոնորարից, այլ նաև ինքն է մի քանի օրինակ գնում, որպեսզի կարողանա պահպանվել այն, ինչը նոր է սկսվել։ Դրանով իրենց աջակցությունը կբերեն, մինչև հասնենք էն աստիճանի, որ դրանք կլինեն կրպակներում։ Դա լավագույն տարբերակն է, որի համար ներդրումներ են հարկավոր։ Սա է ամբողջ խնդիրը։ Մշակութային նման պրոեկտները ծախսատար են և ոչ այնքան եկամտաբեր, բայց դրանց արդյունքը երևում է ազգի զարգացածության, ազգի կրթվածության մեջ։ Մշակութային մամուլ, գրական մամուլ միշտ էլ անհրաժեշտ է»։