Ավանեսյանը չի բացառում, որ Հայաստանում շրջանառվում է նաև կորոնավիրուսի «դելտա» շտամը

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը չի բացառում, որ Հայաստանում շրջանառվում է նաև աշխարհում արագ տարածվող կորոնավիրուսի «դելտա» շտամը։ Վիրուսի այս նոր տարբերակը շատ ավելի ծանր ընթացք է ունենում, դրա տարածման հետևանքով առողջապահական համակարգը կրկնակի ծանրաբեռնվում է։

«Նշեմ, որ այս պահին սեկվենավորած օրինակ, նմուշ չունենք դեռ, բայց միանշանակ Հայաստանում էլ շրջանառվում է, ինչո՞ւ, որովհետև մենք ունենք բաց սահմաններ՝ օդային և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ, որտեղ և հայտնաբերված են, և եվրոպական շատ երկրներում էլ այդ շտամը մեծամասնություն է կազմում», - նշեց նախարարի պաշտոնակարատը։

Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանում այժմ քովիդով վարակվածության աճ է գրանցվում։ Վերջին օրերին նկատելիորեն ավելանում է հիվանդանոցներում և տանը բուժվողների թիվը։ Առողջապահական համակարգը դեռևս շարունակում է լարված մնալ, ասաց Ավանեսյանը։ Այժմ ավելի քան 4000 քաղաքացի է քովիդով վարակված։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեռ նախորդ կառավարության նիստի ընթացքում էր հայտարարել՝ ունեն որոշում, որ կրկին լոքդաունի չեն անցնի, սակայն իրավիճակի սրման հետևանքով չի բացառվում, որ որոշակի խստացումներ կիրականացվեն։ Առողջապահության նախարարի պաշտոնակատարի փոխանցմամբ՝ աշնանը կա կորոնավիրուսի նոր ալիքի վտանգ։

«Իրավիճակը՝ պայմանավորված քովիդով, մի փոքր թվերի աճ ունենք, գրանցում ենք, աճը կտրուկ չի, բավական աստիճանական է, բայց, այնուամենայնիվ, մենք հասկանում ենք, որ առաջիկայում, մանավանդ աշնան առաջին կեսին, ունենք նոր ալիքի գալու վտանգ», - ընդգծեց Ավանեսյանը:

Հայաստանում անվճար և կամավոր շարունակվում է պատվաստումային գործընթացը։ 4 ամսվա ընթացքում Հայաստանում պատվաստվել է ավելի քան 150 հազար քաղաքացի: Առայժմ չի հրապարակվում, թե պատվաստվածների քանի տոկոսն է Հայաստանի քաղաքացի, քանիսը՝ արտերկրի։ Նախարարի խոսքով, սակայն, այժմ արդեն առանձին վիճակագրություն է վարվում, այն կհրապարակվի ամեն ամսվա վերջին։ Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ Հայաստանում պատվաստումները պարտադիր դառնան, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց այժմ մշակվում է սահմանափակումների նոր փաթեթ, որը շրջանառության փուլում է և օգոստոսի երկրորդ կեսին կներկայացվի հանրությանը:

«Մենք մշակում ենք որոշակի սահմանափակումներ, ոչ թե պարտադիր, սահմանափակումների փաթեթ, որն օգոստոսի երկրորդ կեսին կներկայացվի արդեն հանրությանը, հիմա շրջանառության փուլում է: Իհարկե, ես պետք է նշեմ, որ սա հանրային վտանգ ներկայացնող հիվանդություն է, և մենք տեսնում ենք, թե երկրները, երբ որ այն դուրս է գալիս կառավարելիության շրջանակից, ինչպիսի կոլապսային իրավիճակում են հայտնվում ոչ միայն առողջապահական համակարգերը, այլ նաև ընդհանուր երկրի թե՛ տնտեսությունը, թե՛ հանրային առողջապահական ամբողջ գործընթացը», - նշեց Անահիտ Ավանեսյանը:

Մասնագետները շեշտում են՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման ցուցանիշը դեռ շատ ցածր է, և այս տեմպերով այն էական ազդեցություն չի կարող ունենալ երկրում համավարակի կանխարգելման գործում։

Այժմ Հայաստանում անվճար և կամավոր երեք տեսակի պատվաստանյութ է կիրառվում՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա» և չինական «Կորոնավակը»։

Առողջապահության նախարարությունը այս պահին բանակցություններ է վարում՝ նոր պատվաստանյութեր ներկրելու համար․ աշնանը Հայաստան կբերվի ամերիկյան Johnson & Johnson, ինչպես նաև Novavax-ի արտադրության փոքր խմբաքանակով պատվաստանյութեր։

Առողջապահության նախարարի պաշտոնակատարն այսօր ասաց նաև՝ հայտնի Moderna ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանի հետ հանդիպում են ունեցել, քննարկել Հայաստանում Moderna պատվաստանյութի ներկրման հնարավորությունների մասին։ Նախարարի պաշտոնակատարը հույս ունի, որ առաջիկայում այս առումով հաջողություններ կունենան։

Ըստ ոլորտի մասնագետների՝ եղած պատվաստանյութերը արդյունավետ են նաև վիրուսի նոր տեսակի տարբերակների դեմ։

«Աշխարհն այսօր պայքարում է դրա դեմ, որպեսզի հնարավորինս ավելի շատ, լայնածավալ իրականացվեն պատվաստումները նոր կայուն տարբերակների դեմ՝ հենց կանխարգելելու նկատառումով։ Այս տեսանկյունից մենք բացառություն չենք, մենք էլ պետք է դրա մասին մտածենք: Եվ մեր հորդորը մշտապես բնակչությանն այդ ուղղությամբ պետք է լինի, որ այս պահին քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում առկա երեք պատվաստանյութերը, որ ունենք, դեռևս ակտիվ են, դեռևս արդյունավետ են նոր այդ տարբերակների դեմ, և պետք է օգտագործենք այս հնարավորությունը», - ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:

Հայաստանում պատվաստվողների թիվը մեծացնելու համար նախարարությունը նոր խրախուսական ծրագրեր է մշակել. «Հետաքրքիր գործիքակազմ ենք մտածել, ուշադրությունն ավելի մշակույթ ենք ուղղել, և շուտով վիճակահանությամբ պատվաստվողները կունենան թատրոնների, օպերայի, մշակութային միջոցառումների մասնակցության տոմսեր, որովհետև կարծում ենք, որ հանրային տեղեկատվությունը բարձրացնելու համար պետք է խրախուսական էսպիսի միջոցառումներ ևս տեղի ունենան»: