Ուզբեկստանը մտադիր չէ վերադառնալ ՀԱՊԿ

Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիոևի մամլո խոսնակ Շերզոդ Ասադովը, Տաշքենդ, արխիվ

Ուզբեկստանին չեն առաջարկել Աֆղանստանում աճող լարվածության կապակցությամբ վերադառնալ ՀԱՊԿ: Այդ մասին ասել է նախագահ Շավկատ Միրզիոևի մամլո խոսնակ Շերզոդ Ասադովը:

«Հարևան Աֆղանստանում իրավիճակի սրման կապակցությամբ ՀԱՊԿ վերադառնալու առաջարկ չի ստացվել»,- ասել է Ասադովն, ավելացնելով, որ Ուզբեկստանն ամենախիստ միջոցներով պայքարելու է սահմանը խախտելու փորձերի դեմ:

Նա հայտնել է, որ Աֆղանստանից ապօրինի եղանակով Ուզբեկստան տեղափոխված սահմանապահների երկու խմբեր և ինքնապաշտպանության մի ջոկատ օրենքի կարգով վերադարձվել են Աֆղանստան:

Ասադովի փոխանցմամբ, 2012 թվականին հաստատված ազգային անվտանգության հայեցակարգը չի նախատեսում Ուզբեկստանի տարածքում օտարերկրյա զինուժի տեղակայում, ինչպես նաև Ուզբեկստանի զինուժի մասնակցություն երկրի սահմաններից դուրս ընթացող ռազմական գործողություններին: