Սիրիայում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումները ենթարկվել են հարձակման, այս մասին տեղեկացրել է Սիրիայի պաշտոնական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը։
Հաղորդագրության համաձայն` անցած գիշեր հուժկու պայթյունների ձայներ են լսվել Դեյր-Էզ-Զորում գտնվող «Կանոկո» գազամշակման գործարանում։ Արդյունաբերական այս ձեռնարկության տարածքում է գտնվում նաև ամերիկյան ռազմակայանը։
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ «Կանոկո» գործարանի տարածքում միջադեպ է տեղի ունեցել։ «Պայթյունը ամերիկացի զինվորականների դեմ կատարված անուղղակի հարձակման հետևանք էր», - հայտարարել է Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունը՝ տեղեկացնելով նաև, որ միջադեպի արդյունքում զոհեր և ավերածություններ չկան։
Իսրայելական Jerusalem Post թերթի տեղեկություններով` Դեյր-Էզ-Զորում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումը ենթարկվել է ականանետային գնդակոծման։