Կաննի փառատոնի կինոշուկային Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացել է առցանց հարթակով

Հուլիսի 6-ին 74-րդ անգամ մեկնարկեց Կաննի հեղինակավոր միջազգային կինոփառատոնը, որն ունի իր անբաժան բաղադրիչը՝ կինոշուկան:

Այս տարի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի Ազգային կինոկենտրոնը առցանց տաղավարով մասնակցում է կինոշուկային:

Ինչպես շեշտում է Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, դեռ անցյալ տարի պիտի Հայաստանը մասնակցեր կինոշուկային, բայց համավարակի պատճառով չկարողացան այդ անել:

«Այս տարի պարտադիր որոշում էինք կայացրել, որ պիտի ներկայանանք շուկայում։ Սկզբից մենք որոշել էինք ունենալ առանձին տաղավար, մտածում էինք այդ ուղղությամբ։ Սակայն չունենալով ֆինանսական հնարավորություններ, քանի որ Կաննի կինոշուկայում տաղավար ունենալը և ներկայանալի լինելը մեծ գումարների հետ է կապված, մենք որոշում կայացրեցինք, որ այս տարի մենք օնլայն հարթակով կներկայանանք։ Այդ հնարավորությունը տալիս է Կաննի շուկան, և առաջին անգամ մենք փորձեցինք դա իրականացնել։ Շատ հետաքրքիր ձևաչափ էր, և նմենք մեծ աշխատանք տարանք շատ կարճ ժամանակում, քանի որ կրկին ֆինանսական խնդիրներից ելնելով ուշ ստացվեց մի փոքր էս ամբողջ հաստատումները ֆինանսական ստանալու, և Կինոկենտրոնի իր թիմով կարողացավ մոտ մի տասը օրվա մեջ ստեղծվեց այդ օնլայն հարթակը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Միրզախանյանը։

Կաննի կինոփառատոնի այս տարվա առցանց հայկական հարթակը ունի մի քանի բաժին՝ «Հայկական փառատոներ», «Հայկական կինոժառանգություն», «Հայաստանի տեսարժան վայրեր» և այլն։ Ներկայացված է նաև մի ընդարձակ ինտերակտիվ կատալոգ, որը ներառում է 2020-2021 թվականներին պետական աջակցությամբ արդեն նկարահանված կամ տարբեր արտադրական փուլերում գտնվող կարճամետրաժ, լիամետրաժ և անիմացիոն 73 ֆիլմ: «Հայկական ֆիլմեր» բաժնում էլ ներկայացված են արդեն ավարտված կամ հետարտադրական ընթացքում գտնվող 12 ֆիլմ:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի համոզմամբ, Հայաստանի մասնակցությունը Կաննի կինոշուկայինոր քայլ է. - «Նույնիսկ սա, կարծում եմ, քաղաքական քայլ էր, որ Հայաստանը պարտադիր պետք է ներկայանալի լիներ նման լուրջ միջազգային հարթակներում։ Եվ թեկուզ օնլայն տարբերակով, թեկուզ այլ ձևաչափով, բայց մենք որոշել էինք, որ պետք է լինեինք, և հաղթահարեցինք այս դժվարությունը։ Կսպասենք արդյունքներին։ Իհարկեր, Աարդյունքներն էդպես չեն լինում շուկաներում, որ այսօր ներկայացար, ու անմիջապես արդյունքդ երևաց։ Դրան տարիներ են պետք, ժամանակ է պետք, բայց երկրի ներկայությունը պարտադիր է նման հարթակներում»։

Շուշանիկ Միրզախանյանը հիշեցրեց նաև, որ անցյալ տարեսկզբին, մինչև համավարակի տարածումը, Կինոկենտրոնը կարողացել է ներկայանալ Բեռլինի փառատոնին կից կինոշուկայում. - «Շատ հետաքրքիր ներկայացանք, շատ լավ արդյունքներ ունեցանք։ Ցավոք սրտի, այս տարի չկարողացանք Բեռլինում լինել, և Կաննում էլ՝ օնլայն ձևաչափով։ Բայց ոչինչ։ Այս ամենն էլ կանցնի, և մենք եկող տարի արդեն կունենաք մեր առանձին տաղավարը և ամենակարևորը, մեր մեր պրոդյուսերները պետք է ակտիվանան, իրենք ակտիվ մասնակցեն շուկայում՝ թեկուզ օնլայն հարթակով։ Անցյալ օրը իրենց հրավիրել էին մեզ մոտ, ներկայացրեցինք այդ հարթակը, բացատրեցինք կարևորությունը»։

Վերջում հավելենք, որ Կաննի հանրահայտ կինոշուկան կգործի մինչև հուլիսի 15-ը: